Կարևոր իրադարձություններ

Սորոսի շահառու Հայկ Դեմոյանը միանում է «հակասորոսականներին». Արսեն Խառատյան

10 Մայիս, 2020 18:45
Հեղինակ՝ Արսեն Խառատյան
Սորոսի շահառու Հայկ Դեմոյանը միանում է «հակասորոսականներին». Արսեն Խառատյան

Արսեն Խառատյանը գրում է.

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին, որտեղ ակնհայտ կեղծ ու մանիպուլյատիվ «վերլուծություններից» զատ, ինձ ու մորս` Հրանուշ Խառատյանին, մեղադրում է` մեջբերում եմ. կոռուպցիոն գործարքով ու թայֆայաբազությամբ ներկայիս տնօրեն Հարություն Մարությանին այդ պաշտոնում «ընտրեցնելու» մեջ: Մասնագիտական հանրությունը հրաշալի գիտի ազգագրագետ Հարություն Մարությանի գիտական ու հետազոտական ավանդը` հատկապես հիշողության հարցերի շուրջ: Նրա ընտրության հարցում իմ մտացածին մասնակցությունը պարզունակ սուտ է, ավելին ասեմ, այդ պաշտոնին գնալու առաջարկ է եղել նաեւ մորս` Հրանուշ Խառատյանին, ինչից ինքը հրաժարվել է: 

Նշված հարցազրույցում փորձ է արվում մեզ` Խառատյաններիս, «թրքասեր», «ադրբեջանասեր» ներկայացնելու: Խոսվում է թանգարանային նյութերի հնարավոր «դուրս տալու» մասին: Այս վերջին ասվածի մասնագիտական արձագանքը թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչերին թողնենք, ասվածի համար պատասխանատվությունը իրավական տիրույթում կդիտարկենք, իսկ ես կանդրադառնամ Հայկի մասնակցությամբ մեր ոչ վաղ անցյալի որոշ դրվագների:

Զերծ կմնամ հեղափոխությունից անմիջապես հետո Դեմոյանի բացահայտ անդաստիարակ վարքագիծը հիշեցնելուց: Ցավում եմ, որ այդ օրերին, երբ ես պետական պաշտոնյա էի, անկախ իր հրապարակային վարքագծից, մի քանի անգամ փորձել եմ իր եւ համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների միջեւ քաղաքակիրթ ու կոռեկտ երկխոսություն ծավալել: Հայկին 2 տասնամյակից ավել ճանաչելով, պետք է հասկանայի, որ դա անպտուղ գործ է: 

Ակհայտ է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայիս տնօրեն Հարություն Մարությանի դեմ թիրախավորված հարձակումներ իրականացնող Դեմոյանը սկսում է համալրել այսպես կոչված «հակասորոսական»-ների շարքերը: Թե ո՞րն է դրա պատճառը, թերեւս ինքը պիտի բացատրի, սակայն իր մասնագիտական համայնքում Դեմոյանը վաղուց դաշնակիցներ չունի: Նրա ինտելեկտուալ կարողությունները կասկածի տակ չեմ առնի, իսկ մարդկային որակներով հետաքրքրվածներին խորհուրդ կտամ խոսել իր հետ ճանապարհ անցած ու առաջընթացին նպաստած մարդկանց հետ: Կարող եք սկսել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից: 

Հակասորոսականների տիրույթում իր տաքուկ տեղը փնտրող Դեմոյանին հիշեցնել, իսկ մեր հանրությանն ուզում եմ պատմել մի ուշագրավ փաստ հեռավոր 90-ականներից:

1997-2001 թվականներին Թբիլիսիում կազմակերպվում էին հայ-վրաց-ադրբեջանական ամառային դպրոցներ: Արցախյան պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո սա երկխոսության առաջին փորձերն էին հայ եւ ադրբեջանցի ուսանողների միջեւ: Դպրոցները կազմակերպվում էին «Հարավկովկասյան կանանց երկխոսություն» հարթակի շրջանակներում, որի հայաստանյան մասի պատասխանատուն էր մայրս` Հրանուշ Խառատյանը, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի միջոցով: 

ԵՊՀ Ազգագրության ամբիոնը ղեկավարող Խառատյանը ամառային դպրոցի մասնակիցներին ընտրում էր համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներից, դե իսկ Հայկ Դեմոյանն էլ հենց առաջին ծրագրի մասնակիցներից էր: Ծրագիրն իրականացվում էր այն ժամանակ դեռեւս Բաց հասարակության ինստիտուտ` այժմ Բաց հասարակություն հիմնադրամների ֆինանսավորմամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ սերտ համագործակցությամբ: 

Այս պատմությունը հիշեցնելով, Հայկ Դեմոյանին ու Սորոսի հիմնադրամի շատ այլ շահառուների եւ գրանտ ստացածների խորհուրդ կտամ լավ մտածել մինչեւ այս կեղտոտ խոսակցության մեջ մտնելը: Երկիրը փոքեր է, բոլորս իրար ճանաչում ենք, հիշողությունից էլ հաստատ չենք բողոքում: 

Հ.Գ. Ի դեպ, 2001-ին, այս ծրագրի շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գիտությամբ, մասնակցությամբ եւ ուղեկցությամբ, արցախյան պատերազմից հետո առաջին անգամ ադրբեջանցի ուսանողների խումբ բերեցինք Հայաստան: Պատասխան այցով Բաքու գնացած ուսանողների շարքում կան մարդիկ, որոնք այժմ հակասորոսական այս մարազմի ջատագով-աջակիցներից են, ուստի այս մասին եւս կխոսենք ըստ անհրաժեշտության»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին