Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    562
    572

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Հայրը նախ 9-րդ հարկից դուրս է նետել երեխաներին, ապա ինքը նետվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

05 Մայիս, 2020 16:18
Հայրը նախ 9-րդ հարկից դուրս է նետել երեխաներին, ապա ինքը նետվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2020 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 07:30-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի 91 շենքի բակում 3 մարդ ընկած է գետնին, որոնցից 2-ը երեխաներ են:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և շենքի բակում հայտնաբերել տղամարդու և մանկահասակ երեխաների դիեր:

Պարզվել է, որ նշված շենքի բակում հայտնաբերված անձանցից մեկը նույն շենքի բնակիչ է՝ ծնված 1980թ., իսկ մանկահասակ երեխաները վերջինիս երեխաներն են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ կետով և 110-րդ (ինքնասպանության հասցնելը) հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդու նախկին կինը և երեխաները, տղան՝ ծնված 2013թ., իսկ աղջիկը՝ ծնված 2015թ., հյուրընկալվել են նշված հասցեում:

Քննությամբ ձեռք բերված նախնական  տվյալների համաձայն՝ երեխաների հայրն է տան պատուհանից՝ շենքի 9-րդ հարկից, դուրս նետել զավակներին, ապա նաև ինքն է նետվել:

Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, առաջ են քաշվել մի շարք վարկածներ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին