Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 13-ին

01 Մայիս, 2020 21:43
Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 13-ին

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 13-ին: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 21-ին Թովմասյանը հայցադիմում էր ներկայացրել վարչապետի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:  

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին: Ի պատասխան Թովմասյանը հայտարարել էր, որ եթե վարչապետը արժանահավատ փաստ չներկայացնի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:

Դրանից հետո վարչապետը հրապարակել էր գրիչի լուսանկար, որը Թովմասյանն էր իրեն նվիրել ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ եւ նշել, որ Թովմասյանն այդ օրը իրեն դիմել էր բացառապես՝ «Պարոն վարչապետ ջան» եւ «Պարոն Փաշինյան ջան»-ով: 

Այս գրառումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խնդրել էր իր փաստաբաններին պատրաստել հայցադիմում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:  

 

Լրահոս

Դիտել ավելին