Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հեղուկ գազի պակասուրդ է․ «Ժողովուրդ»

31 Մարտ, 2020 09:15
Հայաստանում հեղուկ գազի պակասուրդ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Օրաթերթն այս օրերին ահազանգեր էր ստանում վարորդներից, թե հանրապետության հեղուկ գազի լցակայաններում հեղուկ գազ ուղղակի չկա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազ ներկրվում է ոչ միայն Իրաքից, այլեւ Ռուսաստանից եւ Իրանից: Սակայն ե՛ւ վարորդները ե՛ւ ներկրողները պնդում են, որ իրանական հեղուկ գազը որակապես ցածր է. անգամ դեպքեր են գրանցվել, երբ մեքենաները այն օգտագործելու հետեւանքով խնդիրներ են ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգի հետքերով զրուցել է «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանի հետ, որը նկատեց, որ պատճառը կորոնավիրուսի տարածում թույլ չտալու նպատակով սահմանների փակ լինելն է: Մասնագետը վարորդներին խորհուրդ տվեց այս ընթացքում մեքենան շահագործել բենզինով. չէ՞ որ բենզինի գինն էլ աշխարհում ստեղծված իրավիճակի ֆոնին նվազում է։ Երեկվա դրությամբ որոշ բենզալցակայններում մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվել է 300 դրամով։ «Բենզինի հետ կապված ճգնաժամ չի լինի, պահեստավորած ունեն ներկրող ընկերությունները։ Իսկ հեղուկ գազի ոլորտը նոր է զարգանում, խոշոր բազաներ չկան կառուցված, որ մարդիկ ժամանակին պահեստավորեին, որ հիմա խնդիր չունենային», – նշեց նա։ Իսկ հեղուկ գազ ներկրող «Գազ Պրոպան» ընկերությունից մեզ հայտնեցին. «Այս պահին «Գազ Պրոպանի» բոլոր գազալցակայաններում հեղուկ գազ առկա է։ Մի քանի օր առաջ չի եղել, չենք ունեցել։ Այս պահին խնդիր չունենք»»։

 

Լրահոս

Դիտել ավելին