Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի Մեխակ Առաքելյանից

11 Մարտ, 2020 14:55
Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի Մեխակ Առաքելյանից

Սիսիանում «Այո»-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կուրթանցի Մեխակի հետ նախորդ օրը կատարված միջադեպին։

Նա պատմեց, որ երբ Ստեփանավանի դենդրոպարկից իջնում էին, փողոցի եզրին մի կին աղ ու հացը ձեռքին՝ կանգնած էր. «Ես մոտեցա նրան, եւ նա ինձ ցույց տվեց իր տունը, որի պատը գրեթե քանդվում էր, ես հետաքրքրվեցի, թե ո՞վ կա կնոջ հետ, պարզվեց, որ տղան մահացել է, եւ փաստացի օգնության կարիք ունի: Քանի որ քարոզարշավ էր, ես որեւէ բան չխոստացա, ի գիտություն ընդունեցի տիկնոջ ասածը, եւ հետո, երբ շարժվեցի, մի տղա վազելով եկավ եւ ասաց, որ երկրաշարժին տուն է կորցրել: Ես ասացի, որ պետք է պարզենք՝ պետությունը ձեր առաջ պարտավորություն ունի, թե ոչ: Եվ երբ նա խոսեց, որ տուն չունի, ես նրան ներկայացրի իմ պատկերացումը՝ առողջ տղամարդը մի ուրիշ առողջ տղամարդու չի դիմի տան հարցով, այլ պետք է աշխատի եւ տուն ունենա: Ուրիշ բան, որ պետությունը պետք է ստեղծի աշխատելու հնարավորությունը»,- շարունակեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ հենց դրա համար էլ ստեղծվել է «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, որի իմաստը շուկայում անմրցունակ աշխատողներին օգնելն է՝ գտնելու ավելի մրցունակ աշխատանք, վերապատրաստել:

«Մենք տալիս ենք կով, կեր, անասնաբույժին վճարում ենք, քաղաքացիներին գումար ենք տալիս, որ այդ կովին պահեն»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ մարդը, ով գալիս եւ փող է ուզում հաց առնելու համար, նրան մեկ միլիոն դրամ տալու դեպքում նույնիսկ, խնդիրը չի լուծվի. նա դա կսպառի տասը ամսից, հետո ինչ է անելու, էլի տվեցինք, էլի սպառեց, ու այդպես քանի հոգու եւ քանի անգամ: Ըստ Փաշինյանի՝ ամեն օգնության մեջ պետք է զարգացման տրամաբանություն լինի, որ մարդը զարգանա, ոչ թե՝ ավելի խեղճանա:

«Երեկ տեսանյութ հայտնվեց, որտեղ ընտանիքի անդամները պատմում են, որ այդ տղան առողջական խնդիրներ ունի: Հիմա ես ուզում եմ վերլուծեմ իմ գործողությունները՝ արդյոք ես այս խոսակցության մեջ ինչ-որ բան մեր սիրելի Մեխակին սխա՞լ եմ ասել: Երկու սխալ եմ արել. առաջինը, որ գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը եւ թերագնահատել եմ այն հանգամանքը, որ քաղաքացին կարող էր կաշկանդվել վարչապետի հետ խոսելիս: Այս երկու սխալի համար ուզում եմ Առաքելյան Մեխակից եւ բոլորից ներողություն խնդրել: Մենք մարդ ենք, սխալական ենք, բայց նենգ եւ անազնիվ բան մեր քաղաքացու նկատմամբ չենք անի, մանավանդ, որ հիմա համոզված եմ, որ այդ խոսակցության արդյունքում նրանք հայտնվել են համընդհանուր ուշադրության կենտրոնում, եւ ես հույս ունեմ, որ այն աջակցությունը, որը նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»,- եզրափակեց վարչապետը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին