ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետության պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով լայնածավալ ուսումնասիրության է ենթարկվել 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման ծախսերի հիմնավորվածությունն ու օրինականությունը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 09.06.2016թ. գաղտնի որոշմամբ այլ պետության ղեկավարի այցը պատշաճ կազմակերպելու նպատակով ՍՊԸ-ին նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 576 մլն. դրամ, որը նախարարի գաղտնի հրամանով տրվել է ընկերությանը, կնքվել նվիրաբերության պայմանագիր:
Թեև պայմանագրով սահմանված է եղել, որ նվիրառուին հատկացվող գումարը ներառում է հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության գաղտնի որոշման հիման վրա ՀՀ մշակույթի նախարարի գաղտնի հրամանով ընկերությանը հարկային պարտավորություններ կատարելու՝ ընկերության կողմից ներկայացված պատճառաբանությամբ փոխանցվել է ևս մոտ 60.2 մլն ՀՀ դրամ։ Մինչդեռ ըստ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված տվյալների՝ ընկերության կողմից կազմված փաստաթղթերում ծախսերի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է 10 տոկոս ավելացումներ, այսինքն նշված նպատակով լրացուցիչ գումարների տրամադրումը հիմնավորված չի եղել:
Ընկերության կողմից որպես հաշվետվություն ներկայացված պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում պայմանագրերի գները էականորեն բարձր են շուկայական գներից, ձեռք են բերվել կամ վարձակալվել գույք, աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց անհրաժեշտությունը կամ գնագոյացումը չի հիմնավորվել, պարզ չէ՝ ինչպես է հետագայում տնօրինվել պետական բյուջեի միջոցներով ձեռքբերված գույքը։
Կամ՝ ընդհանուր 16.3մլն դրամ արժեքով ձեռք է բերվել կարմիր գորգ, շապիկ, անձրևանոց, պոլիեթիլենային թաղանթ, սակայն որևէ տեղեկատվություն չկա, թե ինչպես են օգտագործվել կամ ում են հանձնվել ձեռքբերված ապրանքները։ Կատարվել են 22 մլն դրամի արգելապատնեշների պատրաստման աշխատանքներ, սակայն պայմանագրում դրա տեխնիկական բնութագրի, չափի, ձևի, նյութի մասին որևէ նշում չկա։
Այլ ընկերության հետ ՍՊԸ-ն կնքել է թարգմանչական ծառայությունների կազմակերպման աշխատանքներ՝ ընդհանուր մոտ 6մլն դրամ արժեքով, սակայն պարզվել է, որ նշված երկու ընկերություններն էլ այդ ժամանակահատվածում գրանցված են եղել Եղեգնաձոր քաղաքի նույն հասցեում, իսկ որպես թարգմանչական ծառայություններ մատուցող ներկայացված ընկերությունը 2016թ.-ի մայիսից մինչև 2017թ.-ի մարտ, այսինքն վերոնշյալ այցի ընթացքում, չի ունեցել ոչ մի գրանցված աշխատակից, իսկ որպես այդ ընկերության տնօրեն հանդես եկած և պայմանագիրն ու կատարողական ակտը ստորագրած անձը ՀՀ ՊԵԿ տվյալներով որպես տնօրեն աշխատել է միայն 2018թ. դեկտեմբեր ամսից։
ՍՊԸ-ի կողմից նաև ներկայացվել են ֆինանսական համակարգման, ֆինանսական խորհրդատվության, վերահսկման ծառայությունների, փաստաբանական ծառայությունների ծախսեր, որոնց կապը նշված այցի հետ որևէ հիմնավորում չունի:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված՝ ՍՊԸ-ին գումարներ հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության վերոնշյալ գաղտնի որոշումների նախագծերի փաթեթում ծախսերի բնույթի, անհրաժեշտության և չափի վերաբերյալ որևէ հիմնավորում չի եղել, և նշվել է միայն «այցը պատշաճ կազմակերպելու նպատակով» արտահայտությունը։
Նկատի ունենալով վերանշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: