Կարևոր իրադարձություններ

Չորսուկեսամյա Անգելինայի 100.000$ աժողությամբ սրտի վիրահատությունը հաջող է անցել․ մանրամասներ (տեսանյութ)

09 Մարտ, 2020 20:44
Չորսուկեսամյա Անգելինայի 100.000$ աժողությամբ սրտի վիրահատությունը հաջող է անցել․ մանրամասներ (տեսանյութ)

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում չորսուկեսամյա Անգելինայի սրտի վիրահատությունը, որն առաջին անգամ էր կատարվում Հայաստանում, գիշերը բարեհաջող ավարտվեց: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Փոքրիկ Անգելինայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա՝ սրտի խոռոչնեի լայնացում, որն անհամատեղելի էր երեխայի կյանքի հետ։ Միակ լուծումը փոքրիկին արհեստական ձախ փորոք տեղադրելն էր ։

«Դա եզակի վիրահատություն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, նմանատիպ վիրահատություն չէր իրականացվել: Ցավոք սրտի, այս հիվանդությունը բավականին տարածված է և հիվանդների մեծ մասը մահանում է: Դա կամուրջ է մինչև սրտի փոխպատվաստմանը հասնելը, և այն, որ սկսեցինք սարքի տեղադրումը Հայաստանում, կարծում եմ, կբերի այն բանին, որ տարածաշրջանում մենք կփորձենք իրականացնել նաև Նորք-Մարաշում, քանի որ փորձը հաջողված է, և այն թիմը, որը Եվրոպայից էր եկել, պատրաստ է միշտ աջակցել մեզ: Հույսով եմ, որ այդ հիվանդները մի օր կհասնեն Հայաստանում նաև սրտի փոխպատվաստում իրականացնելու, որը բոլորիս երազանքն է»,- նշում է «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը:

Երկարատև վիրահատությունը բարեհաջող ավարտվեց բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժներ Հրայր Հովագիմիանի, Գագիկ Հեբոյանի և վիրաբուժական մեծ թիմի շնորհիվ։

Երեխայի վիրահատության համար անհրաժեշտ գումարի 70%-ը՝ մոտ $70,000 հավաքվեց մոտ երկու օրում, մնացած $30,000-ը հատկացվեց պետական բյուջեից։

«Գումարը շատ մեծ էր, և որոշեցինք դրամահավաքային արշավ նախաձեռնել: Մեզ հաջողվեց հանրությանը լսելի դարձնել խնդիրը, բացատրել, թե դա ինչ մեծ նշանակություն ունի ոչ միայն փոքրիկի համար, այլև Հայաստանի, քանի որ պարզվեց՝ շատ մարդիկ են այս նույն հիվանդությամբ տառապում, և այս գիտելիքը, որ Հայաստանն այսօր ստացավ, շատ մեծ նշանակություն ունի ապագայում նմանատիպ հիվանդությունների բուժման համար: Սա կարևոր գիտելիք էր, որ Հայաստանն ստացավ»,- ասում է ձեռնարկատեր Վահան Քերոբյանը:

«Սա ոչ միայն Նորք-Մարաշի կատարածն էր, սա մի ազգային քայլ էր, որի մեջ ընդգրկվեց ողջ բնակչությունը՝ իր նվիրատվություններով, առողջապահության նախարարությունը՝ ի դեմս Արսեն Թորոսյանի, քանի որ սարքը բավականին թանկարժեք էր՝ մոտ 100 հազար դոլար: Կառավարությունը նաև աջակցեց, որ սարքը շուտ հասնի Հայաստան»,- նշում է Միքայել Ադամյանը:

Փոքրիկ Անգելինան գտնվում է ինթենսիվ թերապիայի բաժանմունքում: Երեխայի վիճակը կայուն է:

 

Լրահոս

Դիտել ավելին