Կարևոր իրադարձություններ

Այս տարի Երեւանի փողոցների նորոգման համար տպավորիչ գումար է հատկացվել. «Փաստ»

07 Մարտ, 2020 08:05
Այս տարի Երեւանի փողոցների նորոգման համար տպավորիչ գումար է հատկացվել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Փաստը» քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում գրեթե անտեսանելի են դարձել կայանման համար նախատեսված «կարմիր գծերը», ճանապարհային երթեւեկության գծանշումները, ինչպես նաեւ ձմռանից հետո տարբեր փողոցներում փոսեր են գոյացել, որոնք վնասում են մեքենաները։

Թե երբ են թարմացվելու գծանշումները եւ կատարվելու փոսալցման կամ ասֆալտապատման աշխատանքներ, «Փաստը» հետաքրքրվեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից։ Նա նախ ընդգծեց՝ վճարովի կայանատեղիների համար նախատեսված «կարմիր գծերը» թարմացնում է համայնքը, իսկ ճանապարհային երթեւեկությանը վերաբերող մնացած բոլոր գծանշումներն իրականացնում է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը։

«Թե՛ «կարմիր գծերը», թե՛ ճանապարհային երթեւեկության գծանշումները սովորաբար արվում են գարնան ամիսներից սկսած՝ զուգահեռաբար, երբ մաքրվում են փողոցները, թարմացվում են ասֆալտի ծածկի վնասված հատվածները։

Ասֆալտի ծածկի թարմացման մասին։ Կարող եք նկատել, որ դեռեւս փետրվարին՝ ցուրտ սեզոնին, երբ ցուցում չկա ասֆալտի վերականգնողական աշխատանքներ կատարել, այնուհանդերձ, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումն այն տեղերում, որտեղ կա անհրաժեշտություն, այսպես ասած, նախնական փոսալցման աշխատանքներ է կատարում՝ վարորդների անվտանգությունը եւ մեքենաների անվնասությունն ապահովելու համար։

Գարնան ամիսներին, երբ եղանակն ու օդի ջերմաստիճանն ավելի բարենպաստ կլինի դրա համար, արդեն կսկսվեն ասֆալտապատման եւ այլ աշխատանքները։ Այս տարի Երեւանի բյուջեով տպավորիչ գումար է հատկացվել ճանապարհների՝ այդ թվում՝ մեքենաների եւ հետիոտն երթեւեկության գոտիների բարեկարգման աշխատանքների համար՝ ավելի քան 600 մլն դրամի չափով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբ Կարապետյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին