Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը խոսեց․ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը

25 Փետրվար, 2020 15:11
Սերժ Սարգսյանը խոսեց․  Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան և Նոր Նորք նստավայրում այսօր մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) և Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի գործով առաջին դատական նիստը։

Նիստի մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ցուցարարների առջև․

«Խնդրում եմ՝ իմ երախտագիտությունը հայտնել Ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել, որ այս անբարենպաստ եղանակին մնալ տանը, ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու։ Շատ-շատ շնորհակալ եմ։ Հաշվի առնելով եղանակային պայմանները և այդ հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ ում համար արդարադատությունը վեր է ամենինչից ուղիղ այնպես ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար, Լեռնային Ղարաբաղի անխախությունը վեր է ամենինչից, խնդրում եմ՝ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով, չմոռանալ երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին։ Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ,  հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ  Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին