Կարևոր իրադարձություններ

Տեսչական մարմինը կասեցել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

20 Փետրվար, 2020 19:23
Տեսչական մարմինը կասեցել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին՝ «Norma» ապրանքանիշ, պատկանող կաթնամթերքի արտադրամասում (մի շարք մանկապարտեզների մատակարարվել է այս ընկերության կաթնամթերքը): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։

Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ արտադրական, օժանդակ ու կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ են գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ ախտահանման։ Անձնակազմը չի պահպանել անձնական հիգիենայի կանոնները և չի կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում՝ սանիտարական հագուստ, ավելին՝ նրանցից երկուսը չեն ունեցել սանիտարական գրքույկներ, չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության։

Նշված սանիտարահիգիենիկ խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի որևէ արտադրության հետ, ուստի Տեսչական մարմինը կասեցել է «Ագրոպրոդ» ՍՊԸ գործունեությունը, տրվել է ժամկետ թերությունները վերացնելու համար: Տրվել է նաև կարգադրագիր բժշկական զննության չանցած երկու աշխատակիցներին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին