ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրության առարկա են դարձվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շինարարական-վերանորոգման ծրագրերով, կնքած պայմանագրերով կատարված աշխատանքների ստուգման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը:
Այսինքն Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կազմված նշված պայմանագրերի կատարողական ակտերում և հանձնման-ընդունման արձանագրություններում գրառված տեղեկությունները շուրջ 3.3մլն դրամի կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանել։
Այսպիսով, ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումանսիրությունների արդյունքում ստացվել են ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019թթ., պաշտոնական փաստաթղթերում՝ կատարողական ակտերում, հանձնման և ընդունման արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.3մլն դրամի վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով շուրջ 41 մլն դրամի գործող նորմատիվների հիմնական պահանջներին չհամապատասխանող աշխատանքներն ընդունելու և ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ։
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ծանր հետևանքներ առաջացնելու և 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: