Կարևոր իրադարձություններ

Վահագն Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

10 Փետրվար, 2020 16:40
Վահագն Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Վահագն Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Վերմիշյանի փաստաբան՝ Մուշեղ Առաքելյանը։

Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ որոնք են լինելու առաջիկա քայլերը, վերջինս պատասխանեց․ «Դա մեր տակտիկական մարտավարությունն է, որը չենք կարող բարձրաձայնել։ Անհրաժեշտության դեպքում մենք հանդես կգանք հայտարարությամբ»։

Նշենք, որ դատարանի որոշմամբ՝ Վահագն Վերմիշյանն այսօր ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով  5 դեպքով խոշոր և  առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Կաշառք ստանալը քողարկելու նպատակով, խախտելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով սահմանված արգելքը, նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊ ընկերություն և նյութական առավելություն ստանալու նպատակով՝ ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել նշված ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

Ըստ ԱԱԾ-ի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով  2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, նրանցից երեքը՝ այդ թվում հիշյալ կոմիտեի նախագահը, ձերբակալվել են, ընդ որում կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին