Կարևոր իրադարձություններ

Օսմանյան շրջանում Թուրքիայում 2.5 մլն հայ էր ապրում, այժմ՝ 40-60 հազար. Սահակ Մաշալյան

23 Դեկտեմբեր, 2019 17:06
Օսմանյան շրջանում Թուրքիայում 2.5 մլն հայ էր ապրում, այժմ՝ 40-60 հազար. Սահակ Մաշալյան

Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հյուրընկալվել է թուրքական «A Haber» լրատվականին, հայտնում է Ermenihaber-ը:

Պատրիարքը խոսել է ԱՄՆ-ի Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին: Հայ-թուրքական հարաբերությունների անցյալի ու ներկայի առումով նա կրկին ակնարկել է 2 երկրների միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած դեպքերին՝ Մաշալյանն ասել է.

«Մեր անհատական զարգացման մեջ 1915-ի դեպքերը գենետիկայով են փոխանցվում, վիշտը վերապրած ընտանիք չկա: Օսմանյան շրջանում 2-2.5 միլիոնանոց հայ ժողովուրդ կար: Այս պահին Թուրքիայում 40-60 հազար հայ է ապրում: Վերջին 100 տարվա ընթացքում այս հողերի վրա ապրող հայերի թվի կտրուկ նվազում է տեղի ունեցել»:

Մաշալյանի խոսքով, սակայն, ոչ միշտ է 2 ժողովուրդների ընդհանուր պատմությունը լի եղել խնդիրներով:

«Հայկական և թուրքական մշակույթները շատ մոտ են իրար: Թուրքական արվեստի ու երաժշտության մեջ ավանդ ունեն հայ երաժիշտները: Հայերը իրենց բաժինն ունեն այս մշակույթի ու քաղաքակրթության ստեղծման մեջ, այդ պատճառով հայերը այստեղ տանն են զգում իրենց»:

Պատրիարքը տեսակետ է հայտնել, որ Հայաստանում գուցե վիճակն ավելի լավ է՝ մատնանշելով երկու պատճառ.

«Առաջինն այն է, որ Հայաստանը Օսմանյան կայսրության մաս չի եղել: Հայաստանի անկախացումից հետո 30 տարվա ընթացքում աշխատանք փնտրելու, զբոսաշրջության նպատակով 100 հազարավոր հայեր են այնտեղից Թուրքիա եկել ու գնացել: Նրանց լավ են դիմավորել այստեղ, նրանք լավ տպավորություններով են վերադարձել: Ի վերջո, դա (Հայաստանը) առանձին երկիր է, այդ պատճառով էլ այս ցեղասպանության հարցը նրանց օրակարգի 1-ին, 2-րդ հորիզոնականում չէ»- նշել է պատրիարքը:

ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդպիսի իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության բացակայության պատճառով:

«Եթե 2 երկրները չկարողանան նստել ու խոսել այս թեմաների շուրջ, ապա դրանք օրակարգ են բերելու Թուրքիայի հետ քաղաքական, տնտեսական կամ ռազմավարական խնդիրներ ունեցող 3-րդ կամ 4-րդ երկրները»,- շեշտել է պատրիարքը՝ ավելացնելով, որ ինքն անձնապես վիրավորվում է այն բանից, որ վիշտ ապրած մարդկանց հիշողություններն օգտագործվում են որպես գործիք օրվա քաղաքականության մեջ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին