Կարևոր իրադարձություններ

Պետք է այնպես անել, որ դատարանների մի մասի գործը չթեթևանա մյուս մասին ծանրաբեռնելու հաշվին. «AM»-ի փաստաբանը՝ նոր նախաձեռնության մասին

16 Դեկտեմբեր, 2019 13:19
Պետք է այնպես անել, որ դատարանների մի մասի գործը չթեթևանա մյուս մասին ծանրաբեռնելու հաշվին. «AM»-ի փաստաբանը՝ նոր նախաձեռնության մասին

Առաջարկվող գումարի բռնագանձման և գրավոր ընթացակարգով գործեր քննող առաջին ատյանի առանձին դատարանի ստեղծումը կարող է ինչ-որ չափով թոթափել դատավորների գերծանրաբեռնվածությունը, ինչն էլ կհանգեցնի նաև դատարանների կողմից գործերի առավել արագ և արդյունավետ լուծմանը, ինչպես նաև կայացվող դատական ակտերի  որակի բարձրացմանը: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լարիսա Հայրապետյանն՝ անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի առաջարկին՝ ստեղծել Առաջին ատյանի առանձին դատարան գումարի բռնագանձման գործեր քննելու համար:

Փաստաբանի խոսքով՝ ծանրաբեռնվածության պատճառով դատավորներն ուղղակի ֆիզիկապես չեն հասցնում գործի քննությունը և լուծումը իրականացնել ողջամիտ ժամկետում: Մի գործով դատական նիստը նշանակվում է լավագույն դեպքում 2-3 ամիս հետո, ինչի հետևանքով էլ գործի քննությունը տարիներ է տևում:

 «Իմ կարծիքով ներկայացված առաջարկությունում խոսքը գնում է ոչ թե նոր՝ առանձին դատարանի ստեղծման մասին, որը լրացուցիչ ֆինանսական և վարչական ռեսուրսներ է պահանջում, այլ Առաջին ատյանի դատարաններում մասնագիտացված դատավորների առանձնացման մասին, ովքեր կքննեն միայն գումարի բռնագանձման գործերը և այն գործերը, որոնք կարող են քննվել գրավոր ընթացակարգով:  Այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս և ի՞նչ համամասնությամբ է տեղի ունենալու դատարանների առանձնացումը: Եթե հաշվի առնենք, որ գումարի բռնագանձման գործերը կազմում են ընդհանուր գործերի մոտ 85 տոկոսը, ապա այդ գործերի առանձնացման շնորհիվ հնարավոր կլինի թեթևացնել մնացած գործերը քննող դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչը կնպաստի  նրանց վարույթում գտնվող գործի քննության ժամկետների կրճատմանը և  արդյունավետության բարձրացմանը»,-ասաց նա:

Լարիսա Հայրապետյանը նշեց, որ մյուս կողմից, սակայն, այդքան մեծ քանակությամբ գումարի բռնագանձման գործերը կարող են էլ ավելի մեծ ծանրաբեռնվածություն ստեղծել այն դատարանների համար, որոնք պետք է դրանք քննեն: Գումարի բռնագանձման ոչ բոլոր գործերն են, որ հնարավոր է քննել գրավոր ընթացակարգով և կարճ ժամկետներում, կախված գործի հանգամանքներից դրանք կարող են լինել տարբեր բարդության և էականորեն տարբերվել միմյանցից:

«Եթե մի դեպքում գումարի բռնագանձման գործերով հնարավոր է կիրառել պարզեցված ընթացակարգ՝ գործը առանց դատական նիստ հրավիրելու քննել և դատական ակտ կայացնել չորսամսյա ժամկետում, ապա մյուս դեպքում՝ կախված գործի բարդությունից, փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունից, վարույթի մասնակիցների վարքագծից և այլ հանգամանքներից, գործի քննությունը կարող է տևել տարիներ: Այսինքն՝ պետք է այնպես անել, որ դատարանների մի մասի գործը չթեթևանա, մյուս մասին ծանրաբեռնելու հաշվին:

Մյուս խնդիրը, որը կարող է առաջանալ, կապված է յուրաքանչյուր երեք տարին մեկ դատավորներին տեղափոխելու հետ: Դատավորների տեղափոխումը մի կողմից դրական նշանակություն ունի, քանի որ թույլ չի տա, որպեսզի դատավորների կողմից որոշակի ժամանակահատվածում նույն գործերով զբաղվելը հանգեցնի լճացման և այլ բնույթի գործերի քննության իրականացման դժվարացման: Սակայն մյուս կողմից հաշվի առնելով, որ մի դատավորի վարույթում քննվելու են հազարից ավելի գործեր, և գործնականում հնարավոր չէ առաջարկվող եռամյա ժամկետի ավարտին վարույթում քննվող բոլոր գործերը միաժամանակ ավարտել, տեղափոխման պատճառով վարույթում մնացած գործերի քննությունը նոր դատավորների մակագրվելու արդյունքում պետք է վերսկսվեն: Նույն խնդիրը կառաջանա նաև մնացած գործերը քննող դատավորների վարույթում քննվող գործերով:

Օրինակ, պատկերացնենք որևէ բարդ գործ, որը արդեն երկու տարի քննվել է,  գտնվում է դատաքննության փուլում և տվյալ գործը քննող դատավորին տեղափոխել են գումարի բռնագանձման գործեր քննող դատարան, այդ դեպքում նոր դատավորը գործող օրենսդրության համաձայն պետք է տվյալ գործի քննություն վերսկսի սկզբից: Այսինքն նշված դեպքերում կրկին գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը խախտվում է:

Ամփոփելով՝ կարծում եմ, որ նման նախաձեռնությունը կարող է ունենալ կարճաժամկետ դրական էֆեկտ, սակայն խնդիրը կարող է լուծվել Առաջին ատյանի դատարանների դատավորների թվաքանակը ավելացնելու դեպքում»,- եզրափակեց փաստաբանը:

 

Լրահոս

Դիտել ավելին