Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը կրկին ԱՄՆ-ի Սենատում է. Արսեն Խառատյան

05 Դեկտեմբեր, 2019 22:36
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը կրկին ԱՄՆ-ի Սենատում է. Արսեն Խառատյան

Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը կրկին ԱՄՆ-ի Սենատում է

Թուրքիայի նախագահ (սուլթան) Էրդողանի Վաշինգտոն այցի օրերին ԱՄՆ-ի Սենատի օրակարգից հանվեց հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Այսօր` դեկտեմբերի 5-ին, նախատեսվում է բանաձեւը կրկին օրակարգ բերել: Սա ինչ-որ առումով նման է հայտնի ֆուտբոլային դիվանագիտության շրջանում Թուրքիայի նախագահ Գյուլի Հայաստան այցին, որի ընթացքում, ինչպես հիշում ենք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատկերանշանից մի քանի ժամով հանվեց Արարատ լեռը:

Կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնը չի ստացել այն ինչ ակնկալում էր Անկարայից, իսկ մասնավորապես ռուսական հակաօդային համակարգերի տեղադրման ու թերեւս Սիրիայում Թուրքիայի ներգրավվածության կերպերի հարցում: Այսպիսով, ի թիվս այլ պատժամիջոցների, հայոց ցեղասպանության հարցը կրկին օգտագործվելու է թուրքերի դեմ ու չնայած նրան, որ պարզ չէ, թե Սենատի բանաձեւը ինչ ճակատագիր կունենա, այն եւս արագացված ընթացակարգով է մտցվում օրակարգ, այնպես ինչպես արվեց Ներկայացուցիչների պալատի պարագայում, այսինքն` շրջանցելով արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

Բանաձեւի հիմնական ջատագովն է Նյու Ջերզիից հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեզը, սակայն պակաս կարեւոր չէ նախագահի նախկին թեկնածու, Յուտայից հանրապետական մորմոն սենատոր Միթ Ռոմնիի աջակցությունը: Սենատի հանրապետական մեծամասնության ազդեցիկ անդամները կարծես թե չեզոք դիրք են զբաղեցնում, մնում է Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող օրենսդիրների կողմից հնարավոր խոչընդոտների չեզոքացումը:
Վաշինգտոնում հայկական լոբբիստական խմբերի կարծիքով բանաձեւի անցկացման հավանականությունը 50/50 է, սպասենք զարգացումներին»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին