Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Լիտվայի նախագահ

04 Դեկտեմբեր, 2019 11:41
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Լիտվայի նախագահ

Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան կարծիք է հայտնել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է, և մի օր դա տեղի կունենա։  Delfi պարբերականի լրագրող Վլադիմիրաս Լաուչիուսին տված հարցազրույցում Լիտվայի նախագահը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաև Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-ԵՄ հարաբերություններին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի համապատասխան հատվածը.

Վլադիմիրաս Լաուչիուս. Դուք կարևորում եք ընդհանուր արժեքները՝ որպես «բարեկամության դաշինքների» հիմք: Բայց ի՞նչ եք մտածում Թուրքիայի մասին: Էրդողանը բացահայտ սպառնում է Եվրոպային և հորդորում է թուրքերին ունենալ բազմաթիվ երեխաներ, որպեսզի նրանք դառնան «Եվրոպայի ապագան», նրա բանակը հարձակվում է քրդերի, ՆԱՏՕ-ի այլ երկրների դաշնակիցների վրա. Թուրքիան ենթարկվում է իսլամացման, այն արագորեն հեռանում է այն արժեքներից, որոնց հիման և որոնք պահպանելու համար ստեղծվել է ՆԱՏՕ-ն: Արդյո՞ք Արևմուտքը համամիտ է «այս» Թուրքիայի հետ` հաշվի առնելով Ռուսաստանի արժեքային հեռացումը Արևմուտքից:

Գիտանաս Նաուսեդա. Շատ բարդ հարց է: Փաստացի, Թուրքիան փոխվում է: Մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Եվ այս առումով հարց է առաջանում՝ արդյո՞ք Արևմուտքը կհասնի որևէ դրական արդյունքի՝ Թուրքիայից հեռանալով, կամ որևէ որոշում կայացնելով դրա կամ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ: Հարցն այն է, թե արդյո՞ք սա ավելի շատ խաղաղություն կբերի տարածաշրջանին և առհասարակ աշխարհին:

Այնուամենայնիվ, Թուրքիայի դերը տարածաշրջանում, ինչպես փախստականների, այնպես էլ ռազմական ուժի առումով, շարունակում է մնալ կարևորագույն: Միգուցե այս պահին անհրաժեշտ է բացահայտորեն անդրադառնալ Թուրքիային առաջ քաշած խնդիրներին, բայց միևնույն ժամանակ վերահսկել իրավիճակը և եզրակացություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում, առանց որևէ արմատական որոշումների կայացման, քանի որ Թուրքիայի դերը մնում է շատ կարևոր`իմ նշած հանգամանքների շնորհիվ:

Վլադիմիրաս Լաուչիուս. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը և որը, ավելին, ճանաչվել է Լիտվայի և, վերջերս էլ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից: Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանության փաստը: Կարո՞ղ եք պատկերացնել մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ լինի մի պետություն, որը չի ճանաչում Հոլոքոստը:

Գիտանաս Նաուսեդա. Ոչ, չեմ կարող: Այնուամենայնիվ, այս խնդրի վերաբերյալ (Հայոց ցեղասպանության ճանաչում) ես դեռ կարծում եմ, որ ժամանակի հարց է և մի օր դա տեղի կունենա: Գուցե տեղի չի ունենա շատ շուտով, առավել ևս, դժվար է ակնկալել, որ դա տեղի կունենա առաջիկա հինգ կամ տասը տարվա ընթացքում, բայց կարծում եմ, այս կամ այն կերպ կճանաչվի, քանի որ դա փաստ է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին