Կարևոր իրադարձություններ

Նյու Յորքում տեղի է ունեցել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը

07 Նոյեմբեր, 2019 12:34
Նյու Յորքում տեղի է ունեցել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը

Նոյեմբերի 6-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինն ԱՄՆ-ում կազմակերպել է «Հայտնի են դառնում Անատոլիայի թաքնված հուշարձանները» նախագծի շրջանակում իրականացվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվականը:

Ցուցահանդեսը տեղի է ունեցել Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում և սկսվել է դաշնակահար Շահան Արզրունու համերգով: Ցուցահանդեսին ներկա են գտնվել Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոս Ալփեր Աքթաշը, Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Թուրքիայի ազգային փոքրամասնությունների համայնքի հիմնադրամների ներկայացուցիչ Մորիս Լեվին, Ասորական եկեղեցու հիմնադրամների նախագահ Սաիթ Սուշին, Ամերիկյան ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոս Լամբրինիադիսը, այլ անձինք:

Ցուցահանդեսի սկզբում ցուցադրվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին ֆիլմ: Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել նաև Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ շնորհակալություն հայտնելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին հայկական եկեղեցու նկատմամբ ուշադրության համար և նշելով, որ Աղթամարի Սուրբ Խաչը խաղաղության խորհրդանիշ է թուրք և հայ ազգերի միջև և նպաստում է երկու ազգերի միջև ապագայի բարելավմանը: Սահակ Սրբազանը շնորհակալություն է հայտնել նաև լուսանկարիչ Իզզեթ Քերիբարին, որի լուսանկարներն էլ ցուցադրվել են միջոցառման ժամանակ:

Նշվում է, որ ցուցահանդեսին ներկայացվել է Վանա լճի Աղթամար կղզու և Սուրբ Խաչ եկեղեցու 88 լուսանկար:

 

Լրահոս

Դիտել ավելին