Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար տուգանքի բարձրացման նախագիծը

22 Հոկտեմբեր, 2019 11:33
ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար տուգանքի բարձրացման նախագիծը

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:  Դրանով, մասնավորապես, առաջարկվում էր տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում արդեն իսկ նշանակված տուգանքի չափը բարձրացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն օրակարգ ընդգրկելու քվեարկությանը կողմ քվեարկեց 25 պատգամավոր, դեմ՝ 82, ձեռնպահ՝ 12-ը:

Էնֆիաջյանը շեշտեց՝ նախաձեռնությունը կրում է բացառապես մեկ միտում՝ կանխարգելել նման անցանկալի դրսևորումները: Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատկի չափով:

Էնֆիաջյանի խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն ուսումնասիրելով, կարծում են, որ էական զսպող մեխանիզմներ պետք է ունենան, ուսումնասիրել են ԵԱՏՄ փորձը, միջազգային փորձը: Նրա խոսքով՝ նախագծի հռետորաբանության հետ կապված կառավարության կողմից որպես այսպիսին մերժում չկա, համակարծիք են, սակայն նշում են, որ կա այլընտրանքային նախագիծը: «Սակայն ԲՀԿ-ի պատգամավորների կողմից մի քանի նախաձեռնություններ ևս կան, որոնց հետ կապված ևս նշվում է, որ խնդիր չկա, սակայն կառավարությունն էլ ունի իր նախագիծը: Կարծում եմ, որ հիմնախնդիրը դահլիճում քննարկելու հնարավորությունը պետք է ընձեռվի»,-նշեց նա:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը ժամանակավրեպ և ընդունելի չէ այսօր: «Ունենք արդեն համապարփակ մեծ փաթեթ, այսպես կոչված տուգանային միավորների ներդրման նախագծերի փաթեթը, և դա ընդլայնված կարգավորում է ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի մի շարք իրավահարաբերություններ և նոր քաղաքականություն է մտցնում՝ վարչական տուգանքների կիրառման պրակտիկայում»,-ասաց նա ու ներկայացրեց փաստ, որն էական հակասության մեջ է ներկայացված նախագծի հետ:

Նա նշեց, որ տուգանային միավորների կիրառման համակարգի փաթեթում առավելագույն տուգանքը սահմանված է 29 հազար դրամ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին