Կարևոր իրադարձություններ

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի մի քանի անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. ԵՊԲՀ-ից հերքում են, իսկ ԿԳՄՍՆ-ն հաստատում է

11 Հոկտեմբեր, 2019 16:55
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի մի քանի անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. ԵՊԲՀ-ից հերքում են, իսկ ԿԳՄՍՆ-ն հաստատում է

Մեր ունեցած տեղեկություններով՝ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանին և կոչ արել լուծարել և ապա ձևավորել ԵՊԲՀ հոգաբարձուների նոր անկախ, առողջ և կենսունակ խորհուրդ։

Հիշեցնենք, որ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է ՀՀ Վարչապետի 2018թ-ի նոյեմբերի 12-ի 1512-Ա որոշմամբ, բաղկացած է 32 անդամից, որոնց մեկ քառորդը ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմն են ներկայացնում, մեկ քառորդը ԵՊԲՀ ուսանողներին, մեկ քառորդը ներկայացվում է ՀՀ կառավարության կողմից, իսկ վերջին մեկ քառորդը ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության կողմից։ Աղբյուրը նշում է, որ դիմում են ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի Իմ Քայլական պատգամավոր, ՀՀ Կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Լուսինե Քոչարյանը, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը և Վերատադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, Վերարտադրողականության Ֆերտիլիտի կենտրոնի հիմնադիր տնօրեն Էդուարդ Համբարձումյանը։
 
Մեզ հասած տեղեկություններով՝ հոգաբարձուների խորհրդից ինքնաբացարկ հայտնած անձինք ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանին ներկայացրած դիմումներում տեղեկացրել են, որ անցած ամիսների ընթացքում համալսարանի ղեկավարության միջամտության արդյունքում հոգաբարձուների խորհուրդը զրկված է եղել ինքնուրույն և անկախ գործունեություն ծավալելու, առանց համալսարանի ղեկավարության ուղղորդման որոշումներ կայացնելու հնարավորությունից:

Նրանք նշել են, որ համալսարանի ղեկավարության կողմից վարած ապակառուցողական քաղաքականության, ինչպես նաև առողջապահության ոլորտում քաղաքականություն իրականացնող լիազոր մարմնի թիրախավորման արդյունքում առաջացել է անջրպետ առողջապահության ոլորտի մասնագիտական համայնքի և ոլորտի գիտական, կրթական ներկայացուցիչների միջև: Արդյունքում, գիտակցելով, որ ձևավորված ոչ գործնական մթնոլորտը որևէ հնարավորություն չի ընձեռում նպաստել առողջապահության ոլորտի հետագա զարգացմանը, տեղեկացրել են, որ այլևս նպատակարմար չեն համարում շարունակել իրենց գործունեությունը հոգաբարձուների խորհրդի կազմում, և խնդրում են դադարեցնել խորհրդի անդամի լիազորություններն ու ստեղծված իրավիճակից միակ ելքը համարել են նոր, առավել կենսունակ և անկախ խորհրդի ձևավորումը:

Բացի այդ մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանին ինքնաբացարկի դիմում կներկայացնեն նաև ՀՀ ԱԺ Իմ Քայլական պատգամավորներ, իսկ նախկինում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու նախկինում ՀՀ Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը։

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի ուսանողությանը ներկայացնող ութ հոգուն ևս մոտ օրերս ԵՊԲՀ ուսանողական խորհուրդը հետ կկանչի, որովհետև բացի այն, որ նրանց ընտրության կազմը որոշել է ոչ թե ԵՊԲՀ ուսանողական խորհուրդը, այլ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ու դրանով իբր թե ուսանողական խորհրդի կազմից ներկայացրել մարդկանց, ովքեր իրականում ուսանողական խորհրդի աշխատանքներում որևէ մասնակցություն չունեն, սակայն այդ փուլում աշխատել են ԵՊԲՀ աշխատակազմում ու սովորել այս կամ այն մագիստրատուրայում կամ օրդինատուրայում, իսկ մոտ չորս ամիս է նրանք արդեն ուսանողներ չեն ԲՈՒՀ-ում և բնականաբար չեն կարող ներկայացնել ԲՈՒՀ-ի ուսխորհրդին։

ArmDaily.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նշեց, որ խորհուրդն ունի 32 անդամ և այս պահի դրությամբ նման ինֆորմացիա չունեն։

Իսկ ահա ԿԳՍՄ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը հաստատեց լուրը՝ նշելով.« Ստացել ենք, սահմանված կարգով ընթացք կտանք, կուսումնասիրենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին