ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին Թումանյանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն պահաբաժնի անտառապահի կողմից հայտնաբերվել էր ապօրինի հատված 15 հատ ծառի կոճղ, իսկ 2019 թվականի հունվարի 11-ին Ստեփանավանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն պահաբաժնի անտառապահի կողմից հայտնաբերվել է ապօրինի հատված ևս 116 հատ ծառի կոճղ, որոնց կապակցությամբ կազմվել են անտառխախտման արձանագրություններ:
Մասնավորապես՝ պարզվել էր, որ Լոռու մարզի նշված բնակիչները, վառելափայտ վաճառելու նպատակով, 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառպետությունների տարածքներից, բենզասղոցի գործադրմամբ, ապօրինի հատել են ընդհանուր 131 հատ ծառ, դրանք մասնատելով պատրաստել վառելափայտ, տեղափոխել, վաճառել՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի` 4. 920 000 ՀՀ դրամի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից մեկին՝ 1988թ. ծնված տղամարդուն, մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործի նախաքննության ընթացքում գործով մեղադրյալներից մեկը՝ Լոռու մարզի՝ 1984թ. ծնված բնակիչը, թաքնվում է քննությունից, ուստի՝ նրա բացակայության պայմաններում որոշումներ են կայացվել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն՝ չհեռանալու մասին ընտրելու և հետախուզում հայտարարելու մասին: Նրա վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ և կատարվում էր նախաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջացառումների արդյունքում՝ 2019 թվականի սեպտեմբերի 7-ին Լոռու մարզի՝ 1984թ. ծնված բնակիչը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:
Նրա մասով քրեական գործի նախաքննությունը ևս ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով, քննիչի որոշմամբ, կալանք է դրվել նրա անվամբ գրանցված անշարժ ու շարժական գույքի, ինչպես նաև՝ բանկային հաշիվների վրա:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: