Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս. ՊԵԿ-ն իրազեկում է

23 Սեպտեմբեր, 2019 15:33
Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս. ՊԵԿ-ն իրազեկում է

2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից միության տարածք ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը: Մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից և շարժիչի աշխատանքային ծավալից: Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Գործընթացն իրականացվում է` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ԱԱՀ-ի դրույքաչափը հաշվարկվում է հարկային օրենսգրքի համաձայն։ Ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ` ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն:

Մաքսային վճարները ճիշտ հաշվարկելու համար կարևոր է ուշադիր լինել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում տվյալ ավտոմեքենայի ծածկագրին, որը կհուշի յուրաքանչյուր ավտոմեքենայի թողարկման տարեթվի և շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը: Օրինակ` եթե իրավաբանական անձը 2020 թվականին ներմուծի 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ և 3 տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենա, ապա նախ` կհաշվարկվի մաքսատուրք` մաքսային արժեքի 15%-ի չափով, այսինքն` կստացվի 1170 եվրո (7800€ x 15%=1170  եվրո): Ապա ԱԱՀ-ն կձևավորվի մաքսային արժեքի և մաքսատուրքի գումարի 20%-ը հաշվարկելու արդյունքում` կազմելով 1794 եվրո ((7800€+1170€) x 20%=1794 եվրո): Բնապահպանական հարկ չի գանձվի, քանի որ մեքենան չի գերազանցում 5 տարին: Այսպիսով` իրավաբանական անձից կգանձվի 2964 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճար` մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը գումարելու արդյունքում (1170€+1794€=2964 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):

 

Լրահոս

Դիտել ավելին