ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում տարբեր ոլորտներում իրականացվել է պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ 440 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 454 խախտում:
Ուսումնասիրությունների արդյունքներով նաև պետական մարմիններին ներկայացվել է 58 հաղորդում՝ պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու վերաբերյալ:
Հայտնաբերված մի շարք խախտումների, կոռուպցիոն և այլ բնույթի հանցավոր դրսևորումների կապակցությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում դատախազների կողմից կամ դատախազության ուսումնասիրությունների հիման վրա հետաքննական կամ նախաքննական մարմինների կողմից հարուցվել է 136 քրեական գործ:
Հանցավոր բնույթի խախտումներն արձանագրվել են հիմնականում ընդերքօգտագործման, ապօրինի անտառահատման, անտառապատման և խնամքի, պետական առանձին օբյեկտներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման, ապօրինի ձկնորսության, «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման և գործունեության, պետության կարիքների համար (գյուղատնտեսական թունաքիմիկատների ձեռքբերման, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման, քաղաքացիական ավիացիայի, «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման) տարբեր ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնման գործընթացի իրականացման և այլ ոլորտներում: