Կարևոր իրադարձություններ

Մենք պետք է համոզված լինենք, որ մեր դպրոցներում աշխատում են բավարար պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ուսուցիչներ. վարչապետ

05 Սեպտեմբեր, 2019 11:54
Մենք պետք է համոզված լինենք, որ մեր դպրոցներում աշխատում են բավարար պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ուսուցիչներ. վարչապետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը:

Նախարարությանը 1,7 մլրդ դրամ կհատկացվի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձերի դրույքաչափերը 10%-ով բարձրացնելու նպատակով։

«Սա, ըստ էության, ծրագրի իրագործումն է: Ինչպես արդեն հայտարարել էինք, սեպտեմբերից 10 տոկոսով բարձրանում է ուսուցիչների աշխատավարձերը: Մենք արդեն հաջորդ տարվա բյուջեում բարձրացումը նախատեսել ենք, սակայն հնարավորություն եղավ աշխատավարձերը բարձրացնել սեպտեմբերից: Երկար տարիներ սա տեղի չէր ունեցել: Կրթական համակարգի համար սա լավ գործընթաց է: Մենք սրան զուգընթաց այլ գործընթացներ էլ ենք տանում: Համակարգն արդյունավետ դարձնելու համար՝ ատեստավորման նոր համակարգ ներդնելով: Մենք պատրաստվում ենք դպրոցների ֆինանսավորման բանաձեւ սահմանել եւ մեկ դրույքի համար նվազագույն շեմ կսահմանվի՝ 108 հազար դրամ եւ հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք ու հունվարից հույս ունեմ դա կունենանք»,- ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք 38 հազար ուսուցչի աշխատավարձերը հավասար 10 տոկոսով բարձրանալո՞ւ է, թե, այնուամենայնիվ, որոշակի տարբերություն լինելու է:

«Այն աշխատավարձը, որը հիմա ֆիքսված է, դա կբարձրանա 10 տոկոսով: Մամուլում լայն տարածում էր գտել՝ հիմնականում ֆեյք կայքերի միջոցով եւ ի զարմանս ինձ որոշ հայտնի կայքեր էլ գրեցին, որ համատարած կրճատում են անում, որ այս աշխատավարձերը բարձրացվեն: Կրճատումները եղել են սովորական, ինչպիսին նախկինում էլ են եղել եւ հիմնականում կապված են տարիքայինի հետ: Կոչ կանեմ տուրք չտալ այդ տեղեկություններին եւ հեեւել մեր տարածած հերքումներին»,- նշեց Հարությունյանը:

Վարչապետի խոսքով՝ այս ծրագրի խորքային նպատակը դպրոցներում ուսուցիչների կողմից մատուցած ծառայությունների պատշաճ որակի ապահովումն է. «Սա կարեւորագույն խնդիր է: Մենք պետք է համոզված լինենք, որ մեր դպրոցներում աշխատում են բավարար պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ուսուցիչներ: Իսկ այս խնդրի համար աշխատավարձերի բարձրացման խնդիրը պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին