Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ահազանգում է Հրազդան գետում յուղային թափոնների առաջացման մասին

20 Հուլիս, 2019 16:50
Հեղինակ՝ Լուբա Բալյան
Քաղաքացին ահազանգում է Հրազդան գետում յուղային թափոնների առաջացման մասին

Ֆեյսբուքյան օգտատերերից Լուբա Բալյանն իր էջում գրառում է արել, որտեղ ներկայացրել է Հրազդան գետ արտանետվող յուղային թափոնների և դրա հետևանքների մասին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք։

Օրեր առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ բերեցին արագիլի առանձնյակ (լուսանկրում), որը ամբողջությամբ պատված էր կեղտի ու ճենճի հաստ շերտով և որի հետևանքով թռչունը անընդունակ էր թռչելու: Թռչնի ընդհանուր փետրավորման 80%՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, առավել նվազ՝ թափահարողները ծածկված են յուղանյութով՝ ապա փոշիով: Առանձնյակը բավականին առողջ ու առույգ էր, սակայն փետուրների միահյուսվածության, դրանց վրա կուտակված փոշու, այնուհետև կոշտ շերտի ձևավորման պատճառով այն չի թռչում: Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ:

Իրավիճակը շատ ավելի սոսկալի էր, քան մենք պատկերացնում էինք, երբ մեր մասնագետները ականատես եղան, թե ինչպես երիտասարդ արագիլներ, շատ անգամ՝ չթռչող ձագեր սոված թափառում էին գյուղական համայնքի փողոցներում: Կարծում եմ պատճառը ավելին քան ակնհայտ է՝ ծնողների մեծ մասը ի վիճակի չլինելով կեր հայթհայթել և կերակրել իրենց ձագերին, ակամա մատնում են իրենց ձագերին սովի, թուլացմանը և այլն: Սույն իրավիճակը որակավորում եմ որպես էկոլոգիական աղետ: 
Անհապաղ հարկավոր է պարզել որտեղ է տեղի ունեցել պարենային յուղանյութի մասնակցությամբ թափոնների խոշոր առաջացում / նետում բնական միջավայր՝ ավելի հստակ Հրազդան գետի մեջ, որի հետևանքով հարյուրավոր արագիլներ դատապարտված են անկմանը: Ո՞վ է պատասխան կրում այս ամենի համար և ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու պատկան մարմինների կողմից: 

Սույն գրառումս խնդրում եմ դիտարկել որպես ԿՈՉ պետական մարմիններին՝ ստեղծված իրավիճակը դիտարկել ՔՐԵԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ. վերահսկել բոլոր սննդամթերք արտադրող հաստատությունները, լինի դա ձկան / ձկնամթերքի, մսամթերքի կամ այլ բուսական սննդամթերքի պահածոների գործարաններ, փոքր ու միջին արդրամասեր, որոնք գտնվում են այդ տարածքում և անմիջական շձման մեջ են գետահոսքերի հետ: Մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության:

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին