Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել՝ «Սիգ» ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում

16 Հուլիս, 2019 16:59
Ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել՝ «Սիգ» ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել արդյունագործական, գյուղատնտեսական և սոցիալական նպատակներով ձկնորսության, մասնավորապես «Սիգ» ձկնատեսակի օգտագործման ոլորտում:

«Այդ նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից պահանջվել և ստացվել են նշված ձկնատեսակի որսին, չափաքանակներին, ներմուծմանը, արտահանմանն ու արտադրությանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր ու անհրաժեշտ տեղեկատվություն, որոնք ուսումնասիրվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի լույսի ներքո: Արդյունքում պարզվել է, որ «Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) վճարովի է, իսկ օգտագործման պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարության 22.08.2002թ. թիվ 1380-Ն և 10.07.2003թ. թիվ 884-Ն որոշումներով սահմանվել են գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգերը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` «ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2014-2019թթ. հրամաններում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակներ չեն սահմանվել, ինչպես նաև սիգի սիրողական որսի և ձկնորսության պայմանագրեր չեն կնքվել, ինչը նշանակում է, որ ՀՀ տարածքում այս ձկնատեսակի որսն առհասարակ եղել է արգելված: Սիգ ձկնատեսակի այլ վայրերում, բացի Սևանա լճից, հանդիպելու, դրա արդյունաբերական կամ արհեստական արտադրության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն չունի:

Բացի այդ՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013-2019 թթ. Հանրապետություն սիգ ձկնատեսակ չի ներմուծվել: Մինչդեռ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից 2019թ. հունվարին կատարված ստուգմամբ Գեղարքունիքի մարզում գործող ՍՊ ընկերությունում արձանագրվել է պահեստում առկա 2018թ. մարտ ամսվա արտադրության շուրջ 6000 կգ «Սևանի սիգ» տեսակի ձկան պահածո: Նշված ընկերության կազմած թվով 20 գնման ակտերի համաձայն` ընկերությունը 2017թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ծովագյուղի ձկան շուկայից ձեռք է բերել շուրջ 11.550 կգ` ընդհանուր շուրջ 5 մլն. 600 հազ. դրամի սիգ ձկնատեսակ, պահեստավորել սառնարաններում և 2018թ. հունվար-փետրվար ամիսներին արտադրել սիգի պահածոներ:

Արարատի մարզում գործող մեկ այլ ՍՊ ընկերությունում կատարված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը ԼՂՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունից 2017թ. դեկտեմբերի 6-ին 4 մլն. 800 հազար դրամով ձեռք է բերել 10.000 կգ սիգ ձկնատեսակ: Պարզվել է նաև, որ մեկ այլ ՍՊ ընկերության կողմից էլ 2018թ. մարտ-օգոստոս ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել շուրջ 14.876 կգ ապխտած սիգ ձուկ: Նշված ՍՊ ընկերության կողմից դուրս գրված հարկային 2 հաշիվների համաձայն` վերջինս մեկ այլ ՍՊԸ-ից ձեռք է բերել 7.700 կգ կենդանի սիգ ձկնատեսակ` մատակարարման վայրը նշելով Վայոց Ձոր` «Հեր-Հեր» ջրամբար:

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն սիգ տեսակի ձկան  ապօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում յուրաքանչյուր կիլոգրամի համար պատճառված վնասի հատուցման նվազագույն սակագինը սահմանվել է 1000 դրամ: Այսպիսով, հանրապետության տարածքում լիազոր պետական մարմնի կողմից սիգ ձկնատեսակի թե՛ արդյունագործական, թե՛ սիրողական որսի չափաքանակներ նախատեսված չլինելու, ինչպես նաև սահմանված կարգով արդյունահանման և սիրողական որսի համապատասխան պայմանագրեր կնքված չլինելու պարագայում, հանրապետության տարածքում 2017-2018թթ. կատարվել է սիգ ձկնատեսակի ապօրինի արդյունահանում, որի ծավալները վկայում են, որ այն կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առաջացրել է խոշոր` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարի վնաս, իսկ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված սիգ ձկնատեսակները առանձնապես խոշոր չափերով ձեռք են բերվել կամ իրացվել են այլ անձանց կողմից:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու, 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված`         մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ արդյունահանելու, խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:     

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին