Կարևոր իրադարձություններ

ՀՀ կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության վստահությունը. հարցում

09 Հուլիս, 2019 11:36
ՀՀ կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության վստահությունը. հարցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հասարակական հարցումների կենտրոնի՝ Հայաստանի բնակչության շրջանում անցկացվող նոր ներկայացուցչական հարցումը ցույց է տալիս, որ կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության վստահությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Միջազգային հանրապետական ինստիտուտից, բնակչության մեծամասնությունը լավատես է նաև երկրի ապագայի նկատմամբ` չնայած հանրության շրջանում շարունակվող տնտեսական մտահոգություններին։

Ըստ հարցման արդյունքների, կառավարությունը շարունակում է վայելել հասարակական լայն շրջանակների դրական տրամադրվածությունը շարունակելու երկրում իրականացվող արմատական բարեփոխումները։ Հարցվածների ավելի քան 60 տոկոսը ցանկանում է, որ կառավարությունը տնտեսական և քաղաքական բարեփոխումներն իրականացնի ոչ թե աստիճանաբար, այլ արագ կերպով։

«Հայ մարդկանց արտահայտած բարի կամքը և տրամադրվածությունը կառավարությանն ընձեռում են արմատական բարեփոխումներ իրականացնելու և մարդկանց տնտեսական բարեկեցությունը բարելավելու աննախադեպ հնարավորություն», ասել է Սթիվեն Նիքսը, ՄՀԻ Եվրասիա տարածաշրջանի տնօրենը։

«Կառավարության բարեփոխումների իրականացումը շրջադարձային նշանակություն ունի հասարակական աջակցության պահպանման և կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման համար»,-հավելել է Նիքսը։

Հարցվածների 72 տոկոսը վստահություն է հայտնել վարչապետի ինստիտուտի նկատմամբ, 60 տոկոսն էլ կարծում է, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղով։ Չնայած այս վերջին ցուցանիշն անկում է ապրել 12 կետով, ի համեմատ անցած տարվա հոկտեմբեր ամսի, այնուամենայնիվ, այս ցուցանիշը կառավարության նկատմամբ վստահության արտահայտման նշանակալի արտահայտություն է։ Վստահության այս բարձր մակարդակի մեկ այլ վկայություն է հարցվածների աջակցությունը բարեփոխումների իրականացմանը․ հարցվածների 59 տոկոսը կարծում է, որ կառավարությունը բավականաչափ ջանքեր է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարում։

Չնայած լավատեսության այս դրսևորումներին` կան նաև մի շարք հանրային մտահոգություններ։ Կառավարության ամենամեծ ձախողումների վերաբերյալ հարցին պատասխանելիս հարցվածներն առավել հաճախ նշում են վատ կառավարումը (22 տոկոս): Անցած վեց ամիսների ընթացքում այն մարդկանց տոկոսն, ովքեր հավատում են, որ կարող են ազդել երկրում ընդունվող որոշումների վրա նվազել է 72 տոկոսից հասնելով 53 տոկոսի։ Այն հարցին, թե որոնք են այն երեք խնդիրները, որոնց կառավարությունը պետք է լուծում տա առաջիկա վեց ամիսների ընթացքում, հարցվածները, ՄՀԻ նախորդ հարցման արդյունքերին համահունչ, նշում են աշխատատեղերը (30 տոկոս), սոցիալ-տնտեսական խնդիրները (18 տոկոս), աշխատավարձերը (14 տոկոս) և թոշակները (12 տոկոս)։

Չնայած հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ անցած վեց ամիսների ընթացքում տնտեսությունն ընդհանուր առմամբ զարգացում է ապրել, նույն ժամանակաշրջանում հարցվածների միայն 24 տոկոսն է բարելավում նկատել սեփական տնտեսական վիճակի մեջ։

Մեթոդաբանություն

ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 2․5 տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին