ԿԲ-ից տեղեկացա, որ այս տարի պահուստավորված դոլարի ծավալը ՀՀ-ում հասել է 171 մլն դոլարի, երեք օրվա ընթացքում այն 40 մլն դոլարով ավելացել է. «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ յուրաքանչյուր մարդ բացառիկ տաղանդավոր է: «Երկրագնդում չկա մարդ, որ տաղանդ չունենա, Հայաստանում չկա ոչ տաղանդավոր մարդ, և մեր կառավարության առանցքային առաքելությունը մարդկանց օգնելն է, քաջալերելն է, որ հավատան իրենց տաղանդին, այն պահից, հենց հավատացին իրենց տաղանդին, նրանց այլևս ոչ ոք չի կանգնեցնի, նույնիսկ կառավարությունը»,-ասաց նա:
Ըստ վարչապետի՝ պետք է դրանով նաև արտերկրին ներդրումների համար ցույց տալ, որ ՀՀ-ն տաղանդավոր մարդկանց երկիր է:
«Պետք է աջակցել այսպիսի մարդկանց, ընդ որում՝ խոսքով, գաղափարով: ՀՀ-ում մեզ հաջողվել է անհավանական քաղաքական փոփոխություններ անել, որը արել ենք խոսքով և գաղափարով, և որևէ մեկը չթերագնահատի խոսքի և գաղափարի ուժը»,-ասաց վարչապետը և նշեց, որ հավատում է ՀՀ քաղաքացիներին, որ պետք է շարունակեն իրենց հաղթարշավը: