Կարևոր իրադարձություններ

Արտակ Զեյնալյանը հրաժարվեց մեկնաբանել իր հրաժարականը

10 Հունիս, 2019 11:25
Արտակ Զեյնալյանը հրաժարվեց մեկնաբանել իր հրաժարականը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարվեց մեկնաբանել իր հրաժարականը: Երևանում անցկացվող «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» խորագրով հանդիպմանը լրագրողները փորձեցին Արտակ Զեյնալյանից մեկնաբանություն ստանալ, թե ինչու է հրաժարական տվել արդարադատության նախարարի պաշտոնից, սակայն նա հրաժարվեց հարցերի պատասխանել:

«Հարգելի գործընկերներ, ես հիմա պետք է մասնակցեմ այս միջոցառմանը, թույլ տվեք դա անեմ: Այսօր Ազգային ժողովում պետք է ներկայացնեմ բյուջեի տարեկան հաշվետվությունը, դրանից հետո կպատասխանեմ ձեր հարցերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արտակ  Զեյնալյանը:

Արտակ Զեյնալյանը հունիսի 7-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարի պաշտոնից: Այդ մասին նա հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար»,-նշել է Արտակ Զեյնալյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին