Կարևոր իրադարձություններ

2018թ. անչափահասների հանցավորության ցուցանիշը որոշակիորեն նվազել է. ԳԴ

01 Հունիս, 2019 18:10
2018թ. անչափահասների հանցավորության ցուցանիշը որոշակիորեն նվազել է. ԳԴ

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ նախորդող տարվա համեմատ 2018թ. անչափահասների հանցավորության ցուցանիշը որոշակիորեն նվազել է (2019թ. ընթացիկ վիճակը ամփոփման փուլում է): Եթե 2017թ. արձանագրվել է անչափահասի կողմից կամ նրա մասնակցությամբ կատարված հանցագործության 403 դեպք, ապա 2018թ. արձանագրվել է նման 359 դեպք, այսինքն նվազումը եղել է 44 դեպքով կամ 12%-ով: 17-ով կամ 5%-ով նվազել է նաև հանցանք կատարած, իսկ 19.3%-ով՝ դատապարտված անչափահասների թիվը:

Չնայած այս դրական միտումներին՝ 2018թ. աճել են անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված առանձին վտանգավոր հանցատեսակներով, մասնավորապես սպանության, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ավազակության, կողոպուտի դեպքերը:

Այդ նպատակով նախորդ 5 ամիսների ընթացքում մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից պլանավորվել և կազմակերպվել են դատախազների այցելություններ հանրակրթական ուսումնական հաստատություններ, որտեղ հանդիպումներ և քննարկումներ են կայացել աշակերտների, մանկավարժական կոլեկտիվների մասնացկությամբ: Հանդիպումների ընթացքում աշակերտներին մատչելի բացատրվել է անչափահասներին իրավախախտման մղելուն նպաստող ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելուց զերծ մնալու անհրաժեշտությունը, ներկայացվել են դրանց քրեաիրավական հետևանքները:

Խոսվել է անչափահասի կողմից ալկոհոլ և ծխախոտ գնելու արգելքի, դրանցից բխող անբարենպաստ հետևանքների առաջացման անխուսափելիության, ինչպես նաև դրանց վաճառքի համար նախատեսված պատասխանատվության մասին: Հանդիպումների ընթացքում դատախազներն աշակերտներին նաև իրազեկում են անչափահասներին քրեական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների, նրանց իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին:

Հատուկ ուշադրություն է հրավիրվում ծնողների անմիջական մասնակցությամբ սոցիալական ցանցերից անչափահասների օգտվելու նվազագույն կանոնների պահպանման անհրաժեշտությանը՝ հատկապես անծանոթ անձանց հետ նամակագրական կապի մեջ մտնելու, անչափահասների ներգրավմամբ գայթակղիչ աշխատանք և նույնաբնույթ այլ առաջարկներ ընդունելու, անչափահասների գիտակցության և վարքագծի վրա ազդող հանցածին տեղեկատվության վտանգների տեսանկյունից:

Դրանց ընթացքում դատախազների կողմից նախանշվում են այս օղակների միջև համագործակցության կոնկրետ խնդիրներն ու ուղղությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի և անբերանպաստ պայմաններում, անհաշտ ընտանիքներում ապրող, հակաիրավական վարքագիծ դրսևորող և հանցավոր ենթամշակույթների կանոններին հարող անչափահասների, նրանց ընտանիքի անդամների հետ անհատական աշխատանքներին: Բացի վերոնշյալը, ՀՀ դատախազությունը նաև որդեգրել է առանձին ուղղություններով անչափահասների առնչությամբ քրեական քաղաքականությունը վերանայելու ուղեգիծ:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին