Կարևոր իրադարձություններ

Տեղ չկա, որ մարդը գա անցնի՝ գնա իր տուն, ու չհանդիպի այդ կետերին. վարչապետը՝ բուքմեյքերական կետերի աշխատակիցներին

24 Մայիս, 2019 13:46
Տեղ չկա, որ մարդը գա անցնի՝ գնա իր տուն, ու չհանդիպի այդ կետերին. վարչապետը՝ բուքմեյքերական կետերի աշխատակիցներին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության դիմաց հանդիպեց բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցների հետ, որոնք ցանկանում էին հանդիպել իր հետ: Նշենք, որ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի մշակած «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է տոտալիզատոր եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կազմակերպել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում:

Վարչապետն ասաց, որ նախընտրական շրջանում ուր գնացել է, մարդիկ համատարած իր առաջ պահանջ են դրել. «Ասել են՝ այսպես չի կարելի, աշխատավարձերը ստանում են, մինչեւ տուն են հասնում, կրվում են: Քայլարշավից սկսած՝ ում տեսել եմ, դրանից են բողոքել, որ քաղաք մտել եմ, դրանից են բողոքել: Այն ժամանակ պատգամավոր էի, լուսացույցի տակ՝ կարմիր լույսի տակ կանգնել եմ, եկել են, դուռս ծեծել են եւ ինձնից պահանջել են, որ այդ խնդիրը լուծվի: Կանայք համատարած բողոքում են: Տեղ չկա, որ մարդը գա, անցնի՝ գնա իր տուն, ու չհանդիպի այդ կետերին»:

Աշխատակիցներն ասացին, որ աշխատատեղեր են փակվելու եւ նրանց աշխատատեղ չի առաջարկվում: Վարչապետն ի պատասխան ասաց, որ մոնոպոլիաները վերացել են, տնտեսական խտրականությունները վերացել են, համակարգային կոռուպցիան վերացել է:

Աշխատակիցները խնդրեցին վարչապետին՝ հանդիպել իրենց ղեկավարների հետ եւ լսել իրենց առաջարկները: Վարչապետն ասաց, որ այդ առաջարկները փոխանցեն իր օգնական Նաիրի Սարգսյանին. «Դուք փոխանցեք Նաիրի Սարգսյանին, ես անձամբ կկարդամ: Եթե պարզվի, որ լուծում կա, ավելի լավ: Երբ պատրաստ լինի, փոխանցեք»:

 

Լրահոս

Դիտել ավելին