Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը

16 Մայիս, 2019 12:38
Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Այս տեղեկությունը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Բանն այն է, որ ըստ ՀՔԾ-ի՝ մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնին նշանակված Գեւորգ Կոստանյանի եւ ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գեւորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնական անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաեւ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը եւ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008թ. մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին եւ Փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ սրանք պարոն Քոչարյանին չեն մեղսագրվում, բայց գեղարվեստական նպատակով մտցրել են Ռոբերտ Քոչարյանի նկարագրական մասում: «Այսինքն՝ դիզայն են ստեղծել, որպեսզի կարդացողը շատ տպավորվի, այն դեպքում, երբ որ այդ կեղծելը, տեղի է ունեցել շատ ավելի ուշ, քան պարոն Քոչարյանը իր լիազորությունները հանձնել է»,- ասաց Ալումյանը:

Նշենք, որ Ալիկ Սարգսյանը սույն գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: Վկայի կարգավիճակով ավելի վաղ հարցաքննվել են Սերժ Սարգսյանը, Լեւոն-Տեր Պետրոսյանը, Հայկ Հարությունյանը եւ այլք:

 

Լրահոս

Դիտել ավելին