Կարևոր իրադարձություններ

Մենք ընդամենն ասում ենք, որ ՀՀ-ում կոռուպցիա չկա, բայց դա բավարար չէ ներդրումների համար, որոշակիություն է պետք․ Սերգեյ Բագրատյան

14 Մայիս, 2019 16:02
Մենք ընդամենն ասում ենք, որ ՀՀ-ում կոռուպցիա չկա, բայց դա բավարար չէ ներդրումների համար, որոշակիություն է պետք․ Սերգեյ Բագրատյան

«Բոլոր խնդիրների լուծման կարևորագույն իմաստը տնտեսության զարգացման բանալին  գտնելն է, առաջին հերթին ներդրումային հնարավորություն ստեղծելը»: Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով որոշ խնդիրներ առանձնացրեց։

 

Ըստ նրա, այս պահին գյուղատնտեսությունը ռիսկային խնդիրների առաջ է կանգնած, քանի որ առաջ եթե գյուղացիները պետությունից վերցրել են սերմացու, վառելիք՝ հետագայում վճարելու պայմանով, այսօր արդեն պետությունը հրաժարվում է միջամտել։

«Այս պահին վարչապետը ազատականացման, մրցակցային հնարավորության պայմաններում հայտարարել է, որ  պետության դերը պայման ապահովելն է, քան միջամտելը, բայց այս մոտեցումը դեռ պետք է քննություն անցնի՝ արդյո՞ք բավարար է, որ տնտեսությունը զարգանա»,-ասաց նա:

 

Ըստ նրա, գյուղատնտեսության ոլորտում թեև եղանակային պայմանները բարենպաստ են, բայց նախագծերը, որ առաջակվում են, բավական դժվար են առաջ գնում, քանի որ գյուղացիները վարկային ռեսուրսների նկատմամբ չունեն վստահություն։ Պատգամավորը նշեց, որ պետք է գոնե վեց մարզերում ներդրվեր գյուղատնտեսության ապահովագրական գործընթացը, որը կթուլացներ ռիսկերը։ 

Բագրատյանը շարունակեց, թե ՀՀ-ում ներդրումների համար գրեթե բոլոր ոլորտները էներգետիկ ռեսուրսներին են առնչվում. այդ ռեսուրսները թանկ են, արդյունքում՝ արտադրանքը մրցակցության խնդիր է ստեղծում։

Բագրատյանը նշեց, որ այլընտրանքային էներգետիկ առաջարկներ պետք է արվեն։ Նա հիշեցրեց, որ արևային էներգիայի վարկավորման հնարավորություններ են առաջարկվել, ինչը հաջող ծրագիր է և պետք է շարունակել խթանել ոլորտը։ 

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ բացի այդ, հարկային ռեֆորմների նկատմամբ  անհանգստություն կա՝ հարկային համահերթեցման մեխանիզմի մասով, ինչից դժգոհում են հատկապես մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողները։

«Ներդրումային հնարավորության խնդիրներից բացի՝ կա նաև ծրագրային խնդիր։ Բյուջեն ծրագրային է, իսկ որևէ ներդրման համար ծրագրային մոտեցում չկա»,-ասաց նա և նշեց, որ միայն քաղաքական կամքը, հայտարարությունները, որ կոռուպցիա, մենաշնորհներ չկան, բավարար չեն ներդրումներ ընդգրկելու համար։

«Նման պայմաններ շատ երկրներում կան: Այստեղ պետք է գտնել ծրագրային հնարավորությունները, որը պետք է պետությունն առաջարկի։ Ֆինանսավորում են լավագույն ծրագրերը, և այստեղ անելիք ունենք: Պետք է ստեղծվի ներդրումների հարթակ, որտեղ առաջարկներ կներկայացվեն աշխարհին։ Մենք ընդամենն ասում ենք, որ ՀՀ-ում կոռուպցիա չկա, բայց ի՞նչ եք կարծում, դա բավարա՞ր է: Ներդրողը պետք է իմանա, որ այսքան գումար դնում է այս ոլորտում և այն հետ կստանա այսքան ժամանակից: Որոշակիություն է պետք»,-ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին