Կարևոր իրադարձություններ

Ահազանգեր ենք ստանում, որ աշխատաշուկայում խտրականության տարբեր դրսեւորումներ են տեղի ունենում. վարչապետ

02 Մայիս, 2019 12:07
Ահազանգեր ենք ստանում, որ աշխատաշուկայում խտրականության տարբեր դրսեւորումներ են տեղի ունենում. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությունների մասին հարցը:

Հարցի զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար` բացառությամբ այլ օրենքով կարգավորվող դեպքերի:

Նախարարն ասաց, թե նախագծով առաջարկվող կարգավորումը իր բովանդակությամբ չի համապատասխանում Օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը և այդ հոդվածով ամրագրվող կարգավորումներին:

Բաթոյանը նշեց, որ կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ: Ի պատասխան ՀՀ վարչապետն արձագանքեց.

«Ի՞նչ է ստացվում, որ մեր Սահմանադրության մեջ խտրականությունը արգելող շատ հստակ հոդված կա, բայց մյուս կողմից մենք տարբեր ահազանգեր ենք ստանում, որ խտրականության տարբեր դրսևորումներ այնուամենայնիվ աշխատաշուկայում տեղի են ունենում»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ այսօր պրակտիկայում իրոք կան նման խնդիրներ սեռով և տարիքով պայմանավորված: Ապա նշեց, որ իրենք նույնպես պատրաստակամ են աշխատել այս նախագծի շուրջ աշխատանքներում:

Որոշումն ընդունվեց:

 

Լրահոս

Դիտել ավելին