Կարևոր իրադարձություններ

Հայաստանում դիակային փոխպատվաստում կիրականացնեն

26 Ապրիլ, 2019 11:13
Հայաստանում դիակային փոխպատվաստում կիրականացնեն

Եթե որևէ մեկը չուզի, որ իր մահից հետո իր օրգաններն ինչ-որ մեկին փոխպատվաստեն, կարող է հրաժարվել։

Բացի կենդանի դոնորներից, Հայաստանում կլինի նաև դիակային փոխպատվաստում, ինչի համար գրեթե բոլոր իրավական փաստաթղթերն արդեն պատրաստ են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում  հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մինչև այդ ծրագիրը կյանքի կոչելը, երկարատև կազմակերպչական աշխատանք կա` դոնորների և փոխպատվաստվողների ռեեստրների ստեղծում, լոգիստիկ հարցեր` որ օրգանը որտեղ կարելի է պատրաստվել։ Բացի այդ, բժիշկների վերապատրաստման հարցեր էլ կան, ինչի համար էլ համագործակցում ենք մեր դրսի գործընկերների հետ։ Առաջին դեպքի մասին կիմանաք»,– հայտնել է  Թորոսյանը։

Նրա խոսքով` եթե որևէ մեկը չուզի, որ իր մահից հետո իր օրգաններն ինչ-որ մեկին փոխպատվաստվեն, կարող է հրաժարվել։ Սակայն, ըստ նախարարի, այդ հրաժարականը կարող է մեկ ուրիշի կյանքն արժենալ։ Թորոսյանը տեղեկացրեց, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բնակչության նույնիսկ 1 տոկոսը չի հրաժարվում դրանից։ Օրինակ` Բելառուսում, որտեղ 10 մլն բնակիչ կա, 5000 մարդ է հրաժարվել մահից հետո իր օրգաններն ինչ-որ մեկին փոխպատվաստելուց։

«Շուտով փոխպատվաստման գծով կոորդինատոր կնշանակվի, որպեսզի ողջ գործընթացը կարգավորի»,–ասաց Թորոսյանը։

Նշենք, որ օրեր առաջ Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում: «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատել են 56 տարեկան մի կնոջ, ում համար դոնոր է հանդիսացել 20-ամյա դուստրը: Հայ մասնագետներին վիրահատությունն իրականացնելու համար օգնել են Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի մասնագետները։

 

Լրահոս

Դիտել ավելին