Կարևոր իրադարձություններ

«Այսօր ուրիշ կուսակցություն է իշխում եւ նա պետք է ներկայացնի՝ ինչ կառուցվածքով կկարողանա կառավարել երկիրը»

17 Ապրիլ, 2019 14:05
«Այսօր ուրիշ կուսակցություն է իշխում եւ նա պետք է ներկայացնի՝ ինչ կառուցվածքով կկարողանա կառավարել երկիրը»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է իր տեսլականը, թե ինչպես է պատկերացնում պետական կառավարումը, բայց մենք չպետք է մոռանանք, որ այսօր այլ կուսակցություն է իշխում եւ նա պետք է ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում՝ ինչ կառուցվածքով կկարողանա կառավարել երկիրը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

Նա անդրադարձավ նաեւ գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարության կազմում ընդգրկելու վերաբերյալ մտահոգություններին՝ ասելով, որ Հայաստանում երբեւէ չի եղել ճանապարհաշինության նախարարություն, բայց դա՞ է եղել պատճառը, որ հանրապետության ճանապարհները վատն են եղել․

«Հիմա կարող ենք մտածել՝ մեր ճանապարհները վատ են եղել, որովհետեւ չի եղել ճանապարհաշինության նախարարությունը, եւ այսուհետ, որ լավ են կառուցվելու, նորից չի լինելու ճանապարհաշինության նախարարություն, դա ազդում կամ չի՞ ազդում»,-նկատեց Փամբուխչյանը։

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե օպտիմալացման արդյունքում կրճատումներ են լինելու եւ գործազրկություն, պատգամավորն ասաց, որ երբ կրճատումների մասին խոսում են այն քաղաքացիները, որոնք այդքան էլ քաղաքականացված չեն եւ օպտիմալացումը հասկանում են որպես կրճատում, դա իր համար հասկանալի է, բայց երբ խորհրդարանում է նման կարծիք հնչում, դա արդեն անհասկանալի է․

«Երբ այս դահլիճում օպտիմալացումը որպես կրճատում է ներկայացվում, ես դա չեմ հասկանում։ Որովհետեւ ի՞նչ է կրճատվում։ Կրճատվում են նույնանման աշխատանք կատարող հաստիքները, այն հաստիքները, որոնք, այսպես ասած, պետք չեն, արհեստական ավելացվել են։ Եւ աշխատանքը, որը երեք հոգու փոխարեն կարող է անել մեկ հոգի, չի նշանակում կրճատում, այլ օպտիմալացում։ Պետք է ճիշտ շեշտադրում անել, որ հասարակությունը հասկանա՝ ինչ է տեղի ուենում»։

Անդրադառնալով խնայողություններին՝ պատգամավորն ասաց, որ խնայողություն է նաեւ այն, որ ոչ մի մարդ չի ստանում աշխատավարձ՝ համապատասխան ֆունկցիան չկատարելու դեպքում․

«Բոլոր հարկատուները հարկեր են վճարում պետբյուջե, եւ պետք է պահանջատեր լինեն, որ այն ֆունկցիաները, որնք կատարվում են, լինեն օպտիմալ եւ արդյունավետ»,-եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին