Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ վարչապետի ազգականի նկատմամբ հարուցված քրեական գործից

11 Ապրիլ, 2019 18:23
Նոր մանրամասներ վարչապետի ազգականի նկատմամբ հարուցված քրեական գործից

Shabat.am-ը հանրության քննարկման առիթ դարձած վարչապետի հայտնի գրառման հետքերով զրուցել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանի հետ:

Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում մանրամասներ հաղորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի դեմ հարուցված քրեական գործից:

 Մանրամասները ներկայացնում ենք ստորև.

2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով  ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճենը, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին: Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՖԲ իր էջում հայտնել էր, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել  իր մերձավոր ազգականներից մեկի  թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Հետագայում Նիկոլ Փաշինյանը իր հասցեին հնչած քննադատության վերաբերյալ հանդես եկավ գործին վերաբերող մանրամասներով՝ ասելով, որ որևէ օրենք չի խախտել, քանի որ ոչ թե իրավապահներին, այլ վարչապետին ենթակա մարմիններին է հրահանգել զբաղվել իր ազգականին առնչվող տեղեկատվությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին