Կարևոր իրադարձություններ

Մհեր Սեդրակյանի որդին պատասխանել է Գլխավոր դատախազությանը

04 Ապրիլ, 2019 21:45
Մհեր Սեդրակյանի որդին պատասխանել է Գլխավոր դատախազությանը

 Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց մամուլի հաղորդագրություն այն մասին, որ Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Ըստ դատախազության հաղորդագրության՝ այդ համայնքի «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող 18 քմ մակերեսով շինությունն իր 1890 քմ  մակերեսով սպասարկման հողամասով  108.000 ՀՀ դրամով օտարվել է ՝ Դ. Ս-ին: Նշենք, որ Դատախազության հաղորդագրության մեջ մատնանշված այս անձը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է՝ Դավիթ Սեդրակյանը:

Վերջինս անդրադառնալով Դատախազության վերը նշված հաղորդագրությանը՝ տարածել է հայտարարություն, որում ասված է.

«2019 թվականի ապրիլի 4-ին տարբեր կայքերում հրապարակված՝ «Թոխմախի Մհերը և որդին ապօրինի օտարել են հսկա հողատարածք» վերնագրով նյութի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

2004-ին ես որևէ որևէ պաշտոն չեմ զբաղեցրել և կարծում եմ, որ  նույնիսկ քննության առարկա չի կարող դառնալ իմ  կողմից գույք օտարելու կամ չօտարելու հարցերը, քանի որ անվիճելի է, որ ես չէի կարող օտարել համայնքային գույք:

Ի դեպ, եթե 2002 թվականի դրությամբ ուսումնասիրենք  օտարված  հատվածի՝ տիեզերքից կատարված լուսանկարները, ապա պարզ կլինի, որ դրանք զբոսայգու տարածք փաստացի չեն եղել, օրինակ՝ տրամվայի գծերը(տրամվայի կրուգը) ինչպես կարող են լինել զբոսայգու տարածք: Կարծում եմ, որ  տվյալ հատվածին ծանոթ ցանկացած մարդ հիշում է, որ այդ հատվածում զբոսայգի չի եղել: Իսկ ինչ վերաբերում է հարակից Վարդավառ զբոսայգուն, ապա այն այսօր Երևան քաղաքի ամենաբարեկարգ այգիներից է դարձել, որի պահպանումն ու խնամքի կազմակերպումը իմ ընտանիքի ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

Բացի այդ, օտարումները համաձայն տեղական ինքնակառավարման մասին այն ժամանակվա դրությամբ գործող օրենքի, իրականացրել է համայնքի ավագանին, որը 15 անձից բաղկացած կոլեգիալ մարմին է եղել: Համայնքի ղեկավարը ունեցել է խորհրդակցական ձայնի իրավունք: Համայնքի ղեկավարը ընդամենը կնքել է ավագանու որոշումները: Ինչ վերաբերում է հրապարակումների այն մասին, որ համայնքի ղեկավարը կարող էր դատական կարգով վիճարկել ավագանու որոշումները, ապա այդ կապակցությամբ նշեմ, որ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու գործունեության իրավական ապահովումը իրականացրել է իրավաբանական բաժինը՝ բաժնի պետի գլխավորությամբ, բացի այդ բաժնի պետն է տվել  եզրակացություններ կնքվող գործարքների՝ օրենսդրությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ: Հետևաբար համայնքի ղեկավարը չէր կարող ինքնակամ, առանց բավարար հիմքերի դատական կարգով վիճարկել ավագանու որոշումը, առավել ևս չի կարող պատասխանատվության հարց առաջանալ հայեցողական այդ լիազորությունը չիրականացնելու համար:

Ինչ վերաբերում է գներին, ապա նշենք, որ խոսքը վերաբերում է 2004 թվականին, երբ գործել է այլ օրենսդրություն, ուստի այդ ամենը պետք է դիտարկել 2004 թվականին գործող օրենսդրության համատեքստում:

Անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը հաշվի առնելով կարծում ենք արդարացի չէ  քրեական գործի հարուցումից անմիջապես հետո նշանակել մեղավորներ: Կարծում ենք նաև, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում կպարզվի ամեն ինչ: Իսկ մինչ այդ ճիշտ կլիներ հրապարակումները կատարելուց առաջ լսել նաև մյուս կողմին»: 

 

Լրահոս

Դիտել ավելին