Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի կողմից առանց ծանուցման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ՀՀ ԱԳՆ

20 Մարտ, 2019 13:07
Ադրբեջանի կողմից առանց ծանուցման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ՀՀ ԱԳՆ

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով այն  հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱԳՆ-ն Ադրբեջանի կողմից հարձակվողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմանը, նշել է, որ Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման հարձակվողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է:

«ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունն այս հարցը բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում և Ադրբեջանից համապատասխան բացատրություն պահանջել»,- ասել է Նաղդալյանը:

Անդրադառնալով հարցին, թե ԱԳՆ-ն ինչպե՞ս է մեկնաբանում հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից նոր զորակայանի տեղակայմանը՝ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ դա նույնպես չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը:

«Եվ Արցախը, և Հայաստանը ունեն վճռականություն և կարողություն պաշտպանվելու և հակահարված հասցնելու: Այս հարցը թող որևէ մեկը կասկածի տակ չդնի, որովհետև այդ վճռականությամբ է նաև պայմանավորված մեր հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկել խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին