Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,42
    7,67

Կարևոր իրադարձություններ

 

Առգրավվել են նախկին փոխնախարար Արսեն Քարամյանին վաճառված գույքի փաստաթղթերը

15 Մարտ, 2019 23:48
Առգրավվել են նախկին փոխնախարար Արսեն Քարամյանին վաճառված գույքի փաստաթղթերը

hetq.am-ին Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը հայտնել է, որ քննչական կոմիտեն պետգույքի կառավարման կոմիտեից այսօր առգրավել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանի ՀԿ-ին օտարված պետական գույքի գործարքի փաստաթղթերը:

Գործարքին առնչվող փաստաթղթերն առգրավվել են, քանի որ Պետական գույքի կառավարման կոմիտեն 2018 թվականի հոկտեմբերի 22-ին դիմել է Գլխավոր դատախազություն՝ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին օտարված պետական գույքի գործարքում ենթադրյալ խախտումներ նկատելով: Հետագայում դատախազությունն այդ նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե:

Մինչ դատախազություն դիմելը Պետգույքի կոմիտեն ուսումնասիրել է կատարված գործարքը, դրան առնչվող փաստաթղթերն ու պարզել, որ 2017-ի դեկտեմբերի 28-ին Կառավարությունը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին գույքն օտարել է գնահատված արժեքի 0.72 %-ի չափով: Կոմիտեն նշել է, որ ՀԿ-ին օտարված գույքի շուկայական արժեքը կազմել է 499 մլն դրամ, սակայն ՀԿ-ն վճարել է 50 մլն դրամ, ներառյալ հողամասի կադաստրային գինը՝ մոտ 47 մլն դրամ:

«Այսպիսիով, 452 540 689 դրամ արժողությամբ գույքի վաճառքի գինը սահմանվել է 3 251 698 դրամ՝ գնահատված արժեքի 0.72 %»,- հայտնել է Պետգույքի կոմիտեն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝  պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք: Վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև Արսեն Քարամյանը: Այս մասին «Հետք»-ին հայտնել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս հավելեց նաև, որ այս պահին իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

 Ինչ խախտումներ են հայտնաբերվել նախարարի նախկին տեղակալին օտարված գույքի գործարքում

Պետական գույքի կառավարման կոմիտեն դատախազությանը հայտնել է, որ կառավարություն ներկայացված որոշման նախագիծը կազմվել և օտարումը կատարվել է օրենսդրության պահանջների խախտմամբ: Մասնավորապես՝ որոշման դրույթները թերի են, ներկայացված փաստաթղթերով չի հիմնավորվում, թե ինչու է ՀԿ-ին գույքը օտարվել գնահատված արժեքի 0.72 տոկոսի չափով: Կոմիտեն ընդգծել է նաև, որ գույքի օտարման պայմանները պետությանը ձեռնտու չեն:

Բացի այդ, Պետգույքի կառավարման կոմիտեն տեղեկացրել է, որ գույքի օտարման որոշման և ՀԿ-ի հետ կնքված պայմանագրով գնորդը գույքն ըստ նպատակային նշանակության օգտագործման որևէ պարտավորվածություն չունի, որի պատճառով նա կարող է գույքը ոչ նպատակային օգտագործել, երրորդ անձին օտարել՝ առանց պատասխանատվության ենթարկվելու:

Դեռևս 2017 թվականին ընդունված որոշմամբ՝ ՀԿ-ն Կառավարությանը խոստացել էր, որ երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք է կառուցելու:

Սակայն Պետական գույքի կառավարման կոմիտեն դատախազությանը հայտնել է, որ  կառավարության որոշման նախագծի հիմք հանդիսացող դիմումին չի կցվել ներդրումային ծրագիր, իսկ գույքի վաճառքի նպատակը նշված է միայն որպես տեղեկություն:

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ գործարքում խնդրահարույց է, թե գույքի գնի նման զիջման դեպքում որպես փոխհատուցում կառավարությունն ինչ է պահանջել:   

«Այսինքն՝ հանուն ինչի է գնահատված արժեքից այդքան նվազ գնով օտարվել գույքը: Չկա ոչ մի ներդրումային հստակ պարտավորություն, ծրագիր, որը օրենքի պահանջն է, որ նախապես գնորդն իր կողմից իրականացվող ծրագրի շրջանակում պետք է իրականացնի: Նույնիսկ գույքը չի գրավադրվել: Դա նշանակում է՝ գնորդը, ով 499 մլն դրամանոց գույքը մոտ 3 մլն դրամով ձեռք է բերել, կարող է մյուս օրը գույքը վաճառի գնահատվածին մոտ արժեքով»,- նշեց նախագահի տեղակալը:

Սերգո Աթանեսյանը պնդում է՝ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հետ կնքված գործարքը կառավարության համար չի կարող ձեռնտու համարվել և իրենց համար մինչ օրս անհասկանալի է, թե հանուն ինչի է կառավարությունը ՀԿ-ին այդքան ընդառաջել:

Ասում է՝ եթե կառավարությունը երիտասարդներին բնակարանով ապահովելու ծրագրի նպատակով է նման գին սահմանել, կարող էր հիմնավորել փաստաթղթերով, սակայն իրենց ունեցած փաստաթղթերի շրջանակում այդ տարբերակը չի հիմնավորվում: Ըստ Աթանեսյանի՝ այն դիտարկումը, որ կառուցվող շենքի բնակարանների գինը լինելու է շուկայականից ցածր գնով, առանց հստակ տվյալի չի կարող արժանահավատ համարվել, քանի որ եթե 1 քմ-ը արժենալու է շուկայականից 1000 դրամով ցածր, այն դեռևս մատչելի չէ:

Արսեն Քարամյանը ևս «Հետք»-ի հետ զրույցում պարզաբանեց օտարված գույքի գործարքն ու իրավապահների գործողությունները:

Քարամյանը պնդեց՝ իրենք բարեխիղճ ձեռքբերող են և գույքը գնել են կառավարության համապատասխան որոշումով: Վերջինս Պետգույքի կառավարման կոմիտեի նշած փաստարկները զավեշտ համարեց:

Դիտարկմանը, թե ՀԿ-ն չի ներկայացրել ներդրումային ծրագիր, Արսեն Քարամյանը պատասխանեց՝ առաջին հերթին պետք է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը պարզաբանի, թե ինչ ասել է ներդրումային ծրագիր: «Մենք բարեխիղճ գնորդ ենք, և եթե Կառավարության համապատասխան որոշմամբ ձեռք ենք բերել գույքը, իրականացնում ենք ծրագիր: Ե´վ մենք, և՛ մեր որևէ շահառու խնդիր չի ունենալու»,- նշեց ՀԿ-ի նախագահը:

Նրա փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ վեց մլրդ դրամի ներդրում է կատարվելու, շինարարությունը մեկնարկել է 2018 թվականի ապրիլին, կավարտվի 2020 թվականի մայիսին։

 Ինչպես է ստացվել, որ մինչ ներդրումային ծրագրի ավարտը օտարված գույքը չի գրավադրվել: Քարամյանը հստակ պատասխան չտվեց, ասաց՝ եթե այդ գույքը իրենց այլ գնով վաճառեին, չէին գնի. «Գնել էինք միայն այն պայմանով, որ պետք է լինի հնարավոր մատչելիություն: Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այդպես չպետք է լիներ, ինքը շատ խորապես սխալվում է»:

Քարամյանի խոսքով` իրենք նշել էին, որ գույքի գնման համար «իրենց կարող են թույլ տալ վճարել 50-55 մլն դրամ: Իսկ եթե գույքը վերագնահատվի այլ արժեքով և իրենցից լրացուցիչ գումար պահանջվի, չեն վճարի, քանի որ այդ միջոցները չունեն: ՀԿ-ի նախագահն ասում է, որ եթե ցանկանում են իրենց սնանկացնել, բազմաթիվ ընտանիքների առանց բնակարան թողնել, թող անեն, այդ պարագայում իրենք կընդունեն այդ մարտահրավերը՝ արժանի հարված հասցնելով:

Նախկին փոխնախարարը հերքեց, որ գույքի գնահատման նման ցածր արժեքում ազդեցություն է ունեցել կառավարությունում իր երկարամյա պաշտոնն ու այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվել է այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Նրա հավաստմամբ` մինչ որոշման ընդունումը նախագիծը ներկայացվել է պետական մարմինների քննարկմանը, և Արդարադատության նախարարությունը հաստատել է, որ այն համապատասխանում է օրենսդրական դաշտի պահանջներին: «Եթե ինչ-որ մի հարգելի նոր նշանակվել է աշխատանքի, ինչ-որ շուխուռ է ուզում անի, ինչ-որ բան է ցանկանում ցույց տալ, խորհուրդ չեմ տա նման բան անել: Պատմությունն ու ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնելու»,- նշեց Արսեն Քարամյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը 2017 թվականի դեկտեմբերի 28-ին ուղղակի վաճառքի ձևով «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին օտարեց Ազատության պողոտա 26/9 հասցեում գտնվող 961 քմ մակերեսով շենք-շինություն, դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0.67 հա մակերեսով հողամաս:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին