Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է 27 տարի առաջ կատարված տրակտորի գողության դեպքը

19 Փետրվար, 2019 19:10
Բացահայտվել է 27 տարի առաջ կատարված տրակտորի գողության դեպքը

1992 թվականի ապրիլին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում անձնական ունեցվածքի գողություն էր կատարվել։ Գողոնը տրակտոր էր։ Դեպքի առթիվ Թումանյանի շրջանի ներքին գործերի բաժնում քրեական գործ էր հարուցվել։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ գողացված տրակտորը դեպքից օրեր անց՝ 1992 թվականի մայիսին, վաճառվել է Լորուտ գյուղի մի բնակչի՝ 55.000 ռուբլով։ Հետագա միջոցառումներով պարզվել էր, որ տրակտորը վաճառած անձը այն գողացողը չէ, բայց տեղյակ է եղել, որ տրակտորը գողացված է։ 

Հետևողական հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները, օրերս բավարար ապացույցներ ձեռք բերելով, հիմնավորել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով 27 տարվա վաղեմության գողությունը։ 

Պարզվել է, որ տրակտորը գողացել է 1967 թվականին ծնված և Տավուշի մարզի Արճիշ գյուղում ապրած մի տղամարդ, որը տարիներ առաջ մահացել է։ 
Իհարկե, իրավական առումով, նաև այս դեպքում, գործում է վաղեմության ժամկետի սկզբունքը, սակայն ցանկացած հանցագործության բացահայտում, անկախ վաղեմությունից ու ժամկետներից, կարևոր է և՛ արարքի ամբողջական գնահատման, և՛ պատժի, թեկուզև բարոյական պատժի անխուսափելիության տեսանկյունից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին