Կարևոր իրադարձություններ

«ՀՀ վարչապետն առաջարկել է Ադրբեջանին առաջինը բացահայտել խաղաքարտերը»

09 Փետրվար, 2019 11:38
«ՀՀ վարչապետն առաջարկել է Ադրբեջանին առաջինը բացահայտել խաղաքարտերը»

Մյունխենում փետրվարի 16-18-ը կանցկացվի անվտանգության հարցերով հերթական համաժողովը: Կքննարկվեն Եվրոպայի ապագային, Մերձավոր Արևելքում հակամարտությանն ու տրանսատլանտյան հարաբերություններին առնչվող հարցեր: Համաժողովին կմասնակցի մոտ 20 երկրի նախագահ ու վարչապետ, մոտ 500 քաղաքական գործիչ ու փորձագետ, տեղի կունենան տարբեր մակարդակների երկկողմ հանդիպումներ: Համաժողովի շրջանակում կարող են հանդիպել նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը, «Ռեգնում»-ում գրում է գործակալության խմբագիրներից Ստանիսլավ Տարասովը:

ՀՀ արտգործնախարարն օրերս եվրահանձնակատար Յոհանես Հանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ չէր բացառել Մյունխենում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման հնարավորությունը: Միևնույն ժամանակ նա ասել էր, որ չի կարող ասել՝ համաժողովի շրջանակում կկայանա արդյոք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հերթական ոչ պաշտոնական հանդիպումը, քանի որ «հայտնի չէ՝ ՀՀ վարչապետը կմեկնի Մյունխեն, թե ոչ»:

Ստանիսլավ Տարասովը ՀՀ արտգործնախարարին անվանում է «փորձառու դիվանագետ, որը գիտի՝ ինչ ասել, երբ ասել և ինչպես ասել»:

Ըստ տրամաբանության, գրում է նա, երկու զույգերի՝ Մնացականյան-Մամեդյարով և Փաշինյան-Ալիև, աշխատանքի արդյունքում պետք է ամրապնդվեն ձեռք բերված դիրքորոշումները: Սակայն տեղի է ունենում որոշակի խափանում, որում պատասխանատվության մի մասն ընկած է Բաքվի վրա, որտեղից սկսել են «առաջիկա հաղթանակի» մասին լավատեսական ֆլյուիդներ ստացվել՝ պատրանք ստեղծելով, թե Երևանը շատ շուտով կստորագրի Ադրբեջանի համար ձեռնտու պայմաններով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համաձայնագիր: Չնայած, որ հստակ է, որ կողմերն իրապես գտել են որոշ փոխզիջումային լուծումներ, ինչի մասին Քյոլնում հայկական համայնքի հետ հանդիպմանն ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ «հայկական կողմը չի պատասխանի Ղարաբաղի հարցով փոխզիջումների պատրաստակամության մասին հարցին, քանի դեռ այդ հարցին չի պատասխանել Ադրբեջանը»:

Ստացվում է, որ ՀՀ վարչապետն առաջարկել է Ադրբեջանին առաջինը բացահայտել խաղաքարտերը: Սակայն երբ Փաշինյանը պարզաբանեց, որ նույնիսկ չի քննարկվում «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, Բաքուն մեղադրեց նրան «բանակցային գործընթացի տապալման» համար:

Այժմ ՀՀ վարչապետը հակահարձակման է անցել՝ հայտարարելով, որ «Հայաստանի համար առաջնահերթությունը Ղարաբաղի անվտանգության ապահովումն է ու նրան բանակցային գործընթացում ներգրավելը»: Սա Ալիևին առաջարկվող նոր բանակցային օրակարգ է, գրում է նա:

«Ինչո՞ւ բանակցային գործընթացում նման փոխակերպում տեղի ունեցավ՝ դժվար է ասել: Մեր կարծիքով՝ այստեղ դեր ունի արտաքին միջամտության գործոնը»,- գրում է Տարասովը:

Ակնհայտ է, որ հակամարտության կարգավորման գործում դիվանագիտական առաջընթացի համար նախկին պայմանները վերանում են կամ նեղանում:


«Ենթադրել, որ այնպիսի բարդ հակամարտության, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է, կարգավորման խնդիրները կարելի է լուծել Մնացականյան-Մամեդյարով մակարդակով 5-6 հանդիպումների կամ Փաշինյան-Ալիև «ոտքի վրա» բանակցությունների ընթացքում՝ քաղաքական պատրանք է»,- գրում է նա:


Ըստ Տարասովի, քանի դեռ գերիշխում է «ով ում կխորամանկի» կանոնը, ոչինչ չի ստացվի, որովհետև այս հակամարտությունը վաղուց հակամարտություն չէ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այն վաղուց աշխարհաքաղաքականություն է: Նման բազային բաներ չգիտակցելը տարել և տանում է դիվանագիտական փակուղի:


«Ահա թե ինչու, եթե Մյունխենում կայանա էլ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, ապա նախարարները ստիպված կլինեն ամեն ինչ սկսել զրոյից»,- գրում է Տարասովը:

 

Լրահոս

Դիտել ավելին