Կարևոր իրադարձություններ

«Ոչ մի խոսք չկա այն մասին, թե դատախազն ո՞ւմ է հոխորտացել, սպառնացել, ե՞րբ, ինչպիսի՞ հանգամանքներում»

16 Հունվար, 2019 18:25
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
«Ոչ մի խոսք չկա այն մասին, թե դատախազն ո՞ւմ է հոխորտացել, սպառնացել, ե՞րբ, ինչպիսի՞ հանգամանքներում»

ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«shamshyan.com կայքը, չդավաճանելով պրոֆեսիոնալ լրագրության հետ որևէ աղերս չունեցող, այս մասնագիտության հանրային նշանակությունը խեղաթյուրող իր գործելաոճին, երեկ երեկոյան ցինիզմով, գռեհկաբանությամբ համեմված «պատվերով համերգի» հերթական ցուցադրությունն էր կազմակերպել բամբասանքային ոճի, փաստերի աղավաղումներով լցված հրապարակմամբ՝ այս անգամ թիրախավորելով ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին՝ կապված Վանաձոր քաղաքում վարձակալական հիմունքներով նրա զբաղեցրած բնակարանից կատարված գողության փորձին առնչվող տեղեկատվության հետ: Ա. Մարտիրոսյանին վարկաբեկելու հանձնառությունը կայքն այնպիսի գլխապատառությամբ և որպես դրա հետևանք՝ փնթիությամբ է փորձել իրականացնել, որ թույլ տալով սկսնակ շարքային բամբասչիներին բնորոշ սայթաքումներ, ակամա մատնել է հանձնարարությունը տվողների և կատարմանը մասնակցած գրչակների շրջանակը: Այս իմաստով հանրային թյուրընկալումներ թույլ չտալու համար չենք կարող չարձագանքել սույն «հոդվածում» փաստական հանգամանքների կոպիտ և միտումնավոր աղավաղման մի քանի դրսևորումներին: 
Հրապարակման մեջ գրվել է, թե Արսեն Մարտիրոսյանը «հոխորտացել է», որ դատի կտա լրատվամիջոցին՝ իր վարձակալած բնակարանից կատարված գողության փորձի մասին լուրը հրապարակելու համար և, իբր, «սպառնացել խմբագրությանը, թե՞ որտեղից են լուսանկարները ձեռք բերել»: 
Մի կողմ թողնենք, այն հանգամանքը, որ ինչպես բնորոշ է «դասական» բանբասանքի ժանրին, ոչ մի խոսք չկա այն մասին, թե դատախազն ո՞ւմ է հոխորտացել, սպառնացել, ե՞րբ, ինչպիսի՞ հանգամանքներում: Բնականաբար ոչ մի տրամաբանական բացատրություն չկա նաև, թե, ինչպե՞ս կարող է լուսանկարները ձեռք բերելու վերաբերյալ պարզ հարցը, եթե նույնիսկ համարենք, որ այն ինչ-որ մեկին ուղղվել է, ներկայացվել որպես սպառնալիք: Նյութի հեղինակներին հավանաբար թվացել է, թե մարզի դատախազի իրավական գիտելիքները նույնքան ողորմելի են, որքան իրենցը՝ սեփական դատարկախոսությունը վերագրելով նրան:
Իսկ իրականում նման հարցադրում չէր կարող հնչել, որովհետև լուսանկարահանումը, որն իրականացրել է որպես այլ լրատվամիջոցի լրագրող ներկայացող անձի կողմից, և որի արդյունքները հայտնվել են նաև shamshyan.com-ում, տեղի է ունեցել Արսեն Մարտիրոսյանի ներկայությամբ: 
Ուշագրավ և չափազանց խոսուն է այն հանգամանքը, որ Ա. Մարտիրոսյանի զբաղեցրած բնակարանից գողության փորձի մասին տեղեկատվությունն առաջինը shamshyan.com-ում հրապարակվել է այն ընթացքում, երբ դեռևս նոր էին սկսվել դեպքի վայրի զննության, ապացույցների ձեռբերման համար անհրաժեշտ գործողությունները, նոր էին բերման ենթարկվել հանցագործությունն առերևույթ կատարած անձինք և այդ տեղեկատվությունը հայտնի էր միայն սահմանափակ թվով իրավասու անձանց: Նման անխոհեմ, ոչ պրոֆեսիոնալ քայլով, տեղի ունեցածի հանրայնացման հարցում ոմանց օժանդակությամբ ցուցաբերված ավելորդ շտապողականությամբ ակնհայտորեն վտանգվել է հանցագործության բացահայտման գործընթացը, քննության բնականոն, արդյունավետ իրականացման հեռանկարը՝ խախտելով մինչդատական վարույթի ընթացքի գաղտնիության սկզբունքը:
Անթույլատրելի համարելով նման գործելակերպը, որն անհնար էր առանց սեփական ինչ-ինչ շահերով առաջնորդվող պաշտոնեական շրջանակների թաքնված օժանդակության՝ ՀՀ դատախազությունը նախաձեռնել է, որպեսզի վարույթի շրջանակներում պարզվի նաև կայքում հրապարակված տեղեկատվության աղբյուրը՝ նպատակ ունենալով իրավական գնահատականի արժանացնել տվյալ փուլում տեղեկատվության տրամադրման իրավաչափությունը:
Թերևս հենց այս հանգամանքն է խորը անհանգստություն պատճառել ոմանց՝ դրդելով ցայտնոտային կերպով ձեռնամուխ լինելու կեղտոտ մեթոդներով մարզի դատախազի անվանարկմանը՝ չգիտակցելով մի պարզ բան, որ պրոֆեսիոնալ, բանիմաց, բարեխիղճ և պահանջկոտ դատախազի գործունեությոան վրա նման ճղճիմ մեթոդների կիրառումը չի կարող ազդեցություն ունենալ: 
Նշվածն ակնառու է դարձնում այս հրապարակման վստահելիության, օբյեկտիվության ու առհասարակ լրագրության սկզբունքներին և չափանիշներին համարժեքության մակարդակը, ինչպես նաև մատնում պատվիրատուների՝ էժանագին մեթոդներով վերջին թպրտոցները»:

 

Լրահոս

Դիտել ավելին