Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,42
    7,67

Կարևոր իրադարձություններ

 

Տեսանելի ապագայում չի կարող լինել Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն․ Կարեն Ճշմարիտյան

13 Հունվար, 2019 13:53
Հեղինակ՝ Կարեն Ճշմարիտյան
Տեսանելի ապագայում չի կարող լինել Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն․ Կարեն Ճշմարիտյան

Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության կառուցվածքի վերաբերյալ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝․ 

Հայաստանում չէր կարող, և տեսանելի ապագայում չի կարող լինել

«Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն»:

Նշված դիրքորոշումը բազմաթիվ ու բազմատեսակ մասնագիտական հիմնավորումներ ունի` գյուղատնտեսության ոլորտի տարածաշրջանային մրցունակության ապահովմանն անհրաժեշտ առանձնահատկություններից սկսած մինչև սոցիալական ու տարաբնակեցման քաղաքականություն: Դրանց կարելի է ավելացնել նաև միավորվող կառույցների ճյուղային ու ֆունկցիոնալ ուղղվածությունների խիստ տարբերակվածությունը, սակայն շատ չծանրաբեռնելու նպատակով անդրադառնանք մեկ այլ կարևորագույն խնդրին`
ոլորտների զարգացման քաղաքականություններին և կառավարման փիլիսոփայությանը:

Այս առումով` գյուղատնտեսության զարգացման քաղաքականությունը ի սկզբանե հակադրված է տնտեսական զարգացման նախարարության գործառույթներում ընդգրկված երկու տասնյակից ավելի ոլորտների զարգացման քաղաքականությունների հետ: 
Առաջին մոտեցմամբ, անշուշտ` նպատակները արտաքինից նույնանման են և փոխլրացնող, սակայն գյուղատնտեսության ոլորտի զարգացման քաղաքականության մեջ ընդգրկված միջոցների և մեթոդների ամբողջությունը հակասության մեջ է «Տնտեսական զարգացման» նախարարության գործառույթների մեջ ընդգրկված մնացած ճյուղերի և ենթաճյուղերի զարգացմանն անհրաժեշտ միջոցների և մեթոդների ամբողջության հետ: 
Ավելի պարզ` գյուղատնտեսության զարգացման քաղաքականությունը, հատկապես ճյուղի մրցունակության բարձրացման և ներառված փաստացի սոցիալական կշռի ապահովման իմաստով` դեռևս խիստ պահպանողական պետք է լինի: Այն անմիջականորեն հիմնված է մշտական պետական «հոգածության» վրա, և չի կարող գոյություն ունենալ առանց պետական ռեսուրսների ներգրավման ( ապահովագրություն, սուբսիդիաներ, լրավճարներ, փոխհատուցումներ, և այլն ), պետական խորհրդատվական գործունեության իրականացման և անընդհատ տեղական և միջազգային տեխնիկական աջակցության: Եթե վերը նշված այլ ճյուղերի և ենթաճյուղերի, ոլորտների դեպքում բավարար են պայմանների ստեղծման, կարգավորման, խթանման և խրախուսման մեթոդներն ու միջոցները, այսինքն` առավել ազատական մոտեցումը, ապա` գյուղատնտեսության պարագայում առանց պահպանողական մոտեցման անհնարին է քաղաքականության լիարժեք իրականացումը: 
Իսկ մեկ կառավարման մարմնի մեջ երկակի, կամ` իրար հակասող ( լիբերալ և կոնսերվատիվ կառավարման մոդելների ) փիլիսոփայության կիրառումը. 
- տեսական առումով` սխալ է; 
- գործնական առումով` անարդյունավետ;
- ծանրաբեռնվածության առումով` անիրագործելի:

Անընդունելի է նաև էներգետիկ ոլորտի ներառումը «Տնտեսական զարգացման նախարարության» մեջ: 
Էներգետիկան դասական ենթակառուցվածքային ոլորտ է, և չի կարող ընդգրկվել իրական հատվածի համար պատասխանատու ֆունկցիոնալ կառույցում: Այս դեպքում էլ առկա է շահերի կոնֆլիկտ, որը կառավարման տեսության առումով` արդյունավետության ապահովման լուրջ խոչընդոտ է:

Ընդսմին` 
«Տնտեսական զարգացման նախարարություն»,
«Գյուղատնտեսության նախարարություն»,
«Ենթակառուցվածքների զարգացման նախարարություն», կամ` «Տարածքային և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն» ( ներառելով` էներգետիկան, կապը, տրանսպորտը, ջրային համակարգը, քաղաքաշինությունը, և այլն ):

Խնդրահարույց կարող է լինել նաև`

«Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության» նախարարությունը

Այսպիսի դիրքորոշման բազմապիսի, բազմաբնույթ տեսական և գործնական այլ հիմնավորումներով չծանրաբեռնելու նպատակով դիտարկենք մեկ այլ առանցքային հարց` զուտ հասկացության տեսանկյունից:
Առաջարկված նմանատիպ կառույցների ստեղծման մոտեցման հիմքում սովորաբար ընկած է լինում «Բարձր տեխնոլոգիա», «Տեղեկատվական տեխնոլոգիա», «Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիա» և «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունների շփոթումը, երբեմն` նույնացումը, աղճատումը, խեղաթյուրումը նույնիսկ միջազգային կազմակերպությունների հարթակներում: Սա զուտ հայաստանյան երևույթ չէ:
Առանձնակի շփոթություն է առաջացնում «Բարձր տեխնոլոգիա» հասկացությունը: Բանն այն է, որ «Բարձր տեխնոլոգիա» հասկացության բառարանային մեկնաբանությամբ կիրառումը աղճատում է այդ հասկացությունը, սահմանափակում է այն, և հասցնում` տեխնոլոգիական լուծումների մեջ զուտ համակարգչային, մաթեմատիկական, կամ էլեկտրոնային առաջավոր սարքավորումների կիրառմանը: Այնինչ, իրականում և առավել խորքային դիտարկման դեպքում ակնհայտ է դառնում, որ այն շատ ավելի ընդգրկուն է, և ուղղակիորեն, անքակտելիորեն կապված է ոչ միայն մաթեմատիկայի, կամ հաշվողական տեխնոլոգիաների, այլ միահյուսված է բոլոր գիտությունների, և առանձնապես բնական գիտությունների հետ` քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա և այլն: Այդ առումով այն անբաժանելիորեն կապված է «Ինովացիոն քաղաքականության» հետ, որը ընդգրկում է մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտները: Իսկ վերջինս` «ինովացիոն քաղաքականության» մշակումը, ներդրումը և իրագործումը ուղղակի «Տնտեսական զարգացման» նախարարության խնդիրն է, և այլ տեղ լինել չի կարող: Այն ֆունկցիոնալ գործառույթ է, և չի կարող սահմանափակվել միայն պաշտպանական նպատակներով կիրառմամբ: Դրա համար այնտեղ ստեղծված են բոլոր ստորաբաժանումներն ու ենթակա օժանդակող գերատեսչությունները` ստանդարտացման, չափագիտության, մտավոր սեփականության պաշտպանության և այլն:

Ընդսմին`
Պաշտպանության նախարարության մեջ` «Ռազմարդյունաբերության կոմիտե», իսկ կառավարությունում` «Ռազմարդյունաբերության խորհուրդ»:

Տնտեսական զարգացման նախարարության մեջ`
« Տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտե»,
«Ինովացիոն զարգացման կոմիտե»:

Հ. Գ. Մշակույթի և Սփյուռքի մասով թերևս շատ է քննարկվում, իսկ այս մասը կարծես տեսադաշտից դուրս էր մնացել:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին