Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Ֆիլմարտադրողները բաց նամակ են հղել Լիլիթ Մակունցին

17 Դեկտեմբեր, 2018 10:45
Ֆիլմարտադրողները բաց նամակ են հղել Լիլիթ Մակունցին

Դեկտեմբերի 12-ին, Ձեզ հետ հանդիպման արդյունքում, կինոռեժիսոր, պրոդյուսեր, ՖԱՀՖ հիմնադիր-անդամ Հովհաննես Գալստյանը ընդհատեց դեկտեմբերի 3-ին սկսված իր Հացադուլը։

Դրանով, հուսով ենք, ընդհատվեց պետական երկու կառույցների՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ Հովհաննես Գալստյանի հիմնադրած «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը» Հայ-Բուլղար-Գերմանական կինոնախագծի դեմ մեկ և կես տարի առաջ սանձազերձված ապօրինությունների ու դիմակայության շրջանը և սկսվեց նոր՝ կառուցողական երկխոսության շրջան՝ ի շահ այս ուշագրավ միջազգային կինոնախագծի արտադրության բարեհաջող ավարտի։

Ֆիլմի դեմ գործողությունները ուղեկցվեցին մամուլում, սոցիալական ցանցերում ընկերության վարկաբեկման, հաճախ անանուն, ֆեյք անձանց կողմից իրականցվող ապատեղեկատվության, կեղծ մեղադրանքների աննախադեպ արշավներով։

Անօրինակությունների գագաթնակետը դարձավ 2018թ-ին կինոկենտրոնի նոր կանոնակարգի ընդունումը, որի թիվ 15 կետը կիրառելով՝ ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովը (Նազինե Ղարիբյան, Նաիրա Վարդանյան, Արմինե Անդա, Սեդա Գրիգորյան, Խանե Պողոսյան, Վիկտորիա Ալեքսանյան) մերժեց «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի հայտը՝ չեղարկելով 2015թ-ին կինոկենտրոնի ստանձնած՝ ֆիլմի բյուջեի 30%-ի չափով ֆինանսավորելու պարտավորությունը։

Իրավական տեսանկյունից աննախադեպ այս որոշման արդյունքում Պարալլելս Ֆիլմպրոդաքշնը կրեց ահռելի ֆինանսական կորուստներ, մասնավորապես․

Ա․ Հետաձգվեցին 2018թ-ի ամռանը Հայստանում նախատեսված նկարահանումները,

Բ․ Սառեցվեցին Բուլղարական և Գերմանական գործընկերների ներդրումները,

Գ․ Կասեցվեցին ֆինանսավորման նպատակով ԵՄ հիմնադրամների հետ աշխատանքները,

Դ․ Չեղարկվեցին ֆիլմի 3 տասնյակ աշխատակիցների աշխատանքնային համաձայնագրերը,

Ե․ Փոշիացվեցին արտադրողների՝ տարեսկզբից կատարված մոտ 25մլն դրամի ներդրումները,

Զ․ Չեղարկվեցին 2018թ-ի աշնանը Բուլղարիայում կայանալիք նկարահանումները,

Է․ Չեղարկվեց 2018թ-ի ձմռանը Գերմանիայում կայանալիք հետատադրությունը,

Ը․ Չեղարկվեցին 2019թ-ին ֆիլմի տարածման համաձայնագրերը,

Թ․ Խաթարվեց Համատեղ արտադրության եռակողմ պայմանագրով նախատեսված պլանը։

Ժ․ 2017թ-ին նկարահանված նյութի մեծ մասը դարձավ ֆիլմում օգտագործելու ոչ պիտանի։

Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիայի, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության իրավաբանների ահազանգները՝ ՀՀ օրենսդրության հետ կանոնակարգի հիշյալ կետի անհամապատասխանության մասին, մնացին անպատասխան։

Ձեր հրահանգով հրավիրված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, ՀՀ Արդարադատության նախարարության փորձագետը նույնպես փաստեց, որ ազգային կինոկենտրոնի ու ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովի կողմից «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության դեմ որպես պատժիչ գործիք կիրառված կանոնակարգի կետը հակաօրինական է։

Հիշյալ կետով, բացի «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մերժվել են նաև նույն ընկերության կողմից ներկայացված երիտասարդ անկախ կինոռեժիսորների չորս կարճամետրաժ կինոնախագծեր։

Հետևությունը մեկն է՝ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի» հանդեպ իրականացվել է թիրախավորված գործընթաց՝ կինոընկերության գործունեությունը պարալիզացնելու, նրա բիզնես համբավին և միջազգային վարկին հնարավորինս ջախջախիչ հարված հասցնելու նպատակով։

Հարգելի տիկին Մակունց,

հաշվի առնելով վերոշարադրյալ փաստերը, մենք, Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի անդամներս, հորդորում ենք Ձեզ․

Ա․ Վերահաստատել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի հանդեպ պետական կառույցի՝ ազգային կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության փաստը՝ համաձայն Ձեր և պարոն Հոհաննես Գալստյանի միջև, նախարարության իրավաբանի, կինոընկերության փաստաբանի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորածության։

Բ․ Բացատրություն պահանջել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանից՝ «Տատիկիս Վարսերը» ֆիլմի արտադրությանը հասցրած վնասի, իրականացված ներդրումների փոշիացման, ակնկալվող ներդրումների կասեցման, մշակույթի նախարարությանը՝ ֆիլմի փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ ներկայացնելու միջոցով ապակողմնորոշելու, փաստերի վերաբերյալ։ Կինեմատոգրաֆիական լայն շրջանակների հետ քննարկել հիշյալ անձի կողմից ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետագա նպատակահարմարությունը։

Գ․ Բացատրություններ պահանջել «ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովի» անդամներից՝ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության մեկ լիամետրաժ և երիտասարդ կինոգործիչների չորս կարճամետրաժ Հայտերի անօրինական մերժման վերաբերյալ և բացառել հետայսու, ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովներում նրանց ընդգրկվելու հնարավորությունը։

ՖԱՀՖ-ը «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության դեմ իրականացված անօրինակությունների աղմկոտ այս պատմությունը դիտում է որպես կինոյի պետական կառավարման մեջ տարիներով արմատավորաված ստվերայնության, հատվածային շահի գերակայության արատավոր շղթայի հերթական դրսևորում։

ՖԱՀՖ-ը ստեղծվել է Հայաստանցի ֆիլմարտադրողների շահերը պաշտպանելու նպատակով և իր գործունեության հիմնական նպատակը համարում է Հայաստանում մրցունակ և արդյունավետ կինոարտադրության ձևավորմանը նպաստելը։

Վստահ ենք, որ մեր նպատակները իրականանալի են Հայաստանում ձևավորվող նոր իրականության, տնտեսության և հասարակության առողջացման շարունական գործընթացի պայմաններում և լիահույս ենք, որ դիմում ենք Ձեզ՝ որպես վերոշարադրյալով մտահոգված համախոհի։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին