Կարևոր իրադարձություններ

Շիրակը շարունակում է մնալ ՀՀ-ի ամենաաղքատ մարզը. ԱՎԾ-ն տվյալներ է հրապարակել

02 Դեկտեմբեր, 2018 15:55
Շիրակը շարունակում է մնալ ՀՀ-ի ամենաաղքատ մարզը. ԱՎԾ-ն տվյալներ է հրապարակել

Ըստ ԱՎԾ-ի կողմից հրապարակված «2017թ-ի Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական- վերլուծական զեկույցի՝ 2017թ.-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմել է 25.7%՝ 2016թ.-ի համեմատ արձանագրելով աղքատության մակարդակի նվազում 3.7 տոկոսային կետով:  

«Սա նշանակում է, որ երկրի բնակչության ամեն չորրորդը ամսական 41 612 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել»,-նշվում է զեկույցում;

Միաժամանակ նշվում է, որ 2017թ.-ին Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է շոշափելի աճ՝ 7.5 տոկոս, ինչը դիտարկվող ժամանակաշրջանում (2008-2017թթ.), գրանցվել է առաջին անգամ, իսկ սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նկատմամբ աճել է 1.0%-ով:   

Աղքատության մակարդակը 2017թ.-ին առաջին անգամ նվազել է 2008թ.-ի աղքատության մակարդակի համեմատ (27.6%)`1.9 տոկոսային կետով:

Չափավոր աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 10.6%` 2008թ.-ին արձանագրված 12.6%-ի դիմաց: Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.4%` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց:

25.7% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 1.4 %-ը ծայրահեղ աղքատ է, 9.2%-ը` չափավոր աղքատ (առանց ծայրահեղ աղքատների):

2017թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 766 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից չափավոր աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 316 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 42 հազար մարդ:

2017թ.-ին աղքատության մակարդակի տարբերությունն ըստ քաղաքային (25.0%) և գյուղական բնակավայրերի (26.8%) կազմել է 1.8 տոկոսային կետ:

Սակայն, Երևանում (22.4%) և երկրի այլ քաղաքներում (27.9%) աղքատության մակարդակի տարբերությունը մեծ է և կազմել է 5.5 տոկոսային կետ:

2017թ.-ին աղքատության՝ վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ աղքատության գծերը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար, 41 612 դրամ (կամ 86.2 ԱՄՆ դոլար), 34 253 դրամ (կամ 71.0 ԱՄՆ դոլար) և 24 269 դրամ (կամ 50.3 ԱՄՆ դոլար):

Մայրաքաղաք Երևանում, ըստ տարածաշրջանների, աղքատության մակարդակն ամենացածրն է (22.4%) և այն 1.2 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում:

2017թ.-ին աղքատության մակարդակները տարբերվում են ըստ մարզերի և ք.Երևանի: Միջին հանրապետականից բարձր են ՀՀ Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերի ցուցանիշները: ՀՀ Շիրակի մարզում գրանցվել է հանրապետության կտրվածքով ՀՀ ամենաբարձր աղքատության մակարդակը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 44%-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին