Կարևոր իրադարձություններ

Սյունիքում սպասվու՞մ է նախընտրական թեժ պայքար. մեկնաբանում է այդ մարզում առաջադրված Նաիրա Զոհրաբյանը

12 Նոյեմբեր, 2018 20:36
Սյունիքում սպասվու՞մ է նախընտրական թեժ պայքար. մեկնաբանում է այդ մարզում առաջադրված Նաիրա Զոհրաբյանը

Երեկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտատրարեց, որ որպես թեկնածու առաջիկա ընտրություններին կառաջադրվի Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:

Shabat.am  լրատվականը այս թեմայով զրուցեց Նաիրա Զոհրաբյանի հետ, ով անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞վ է  պայմանավորված  հատկապես այս մարզերն ընդգրկող ընտրատարածքում առաջադրվելու որոշումը, բացի այն հանգամանքից, որ նա արմատներով սյունեցի է, պատասխանեց.

«Կարծում եմ՝ քաղաքական գործիչը պետք է ճանաչելի լինի և վստահություն ունենա ոչ միայն այն փողոցում, որտեղ ինքը ծնվել ու մեծացել է, այլ նաև ողջ հանրապետությունում:Եվ պետք է ինքը ունենա այնքան քաջություն, որ եթե կուսակցությունը որոշի, որ նա պետք է առաջադրվի ասենք Լոռու մարզում կամ Գեղարքունիքում, պիտի առաջադրվի, որովհետև ինքը պիտի վստահ լինի, որ իր տարիների գործունեությունը իրեն տալիս է այդ վստահությունը: Ես չեմ ուզում ավելորդ անհամեստ հնչի, բայց ինձ թվում է, որ ես իմ տարիների աշխատանքով ու  փորձառությամբ՝ թե խորհրդարանում, թե միջազգային կառույցներում, վաստակել եմ այդ իրավունքը՝ ունենալու այն համեստ վստահությունը, որ ես ունենամ աջակիցներ հանրապետության ցանկացած վայրում՝ որտեղ կորոշի իմ կուսակցությունը: Կարծում եմ, որ ես սյունեցիների համար լավ պատգամավոր կլինեմ՝ հաշվի առնելով, թե ովքեր են եղել Սյունիքից պատգամավոր, օրինակ Սաշիկ Սարգսյանը, իրենք կարողացե՞լ են սյունեցու ձայնը, մտահոգությունը կամ խնդիրը երբևէ բարձրաձայնել, ես նման դեպք չեմ հիշում: Ես իրենց վստահաբար կարող եմ ասել, որ իրենց համար լինելու եմ  լավ պատգամավոր: Որոշողը իհարկե լինելու են իրենք»:

 Մեր այն հարցին, թե նախընտրական թեժ պայքար սպասվու՞մ է այդ մարզերում՝ հաշվի առնելով, թե էլ ովքեր են  այդ ընտրատարածքում առաջադրված( Հերմինե Նաղդալյան, Վայոց ձորի ներկայիս մարզպետ Տրդատ Սարգսյան), Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.

«Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ովքեր են այնտեղ առաջադրված: Յուրաքանչյուր թեկնածուի  վերաբերում եմ մեծ հարգանքով, ես երկխոսելու եմ բացառապես սյունեցու և վայոց ձորցու հետ: Իմ խնդիրը լինելու են ոչ թե իմ մրցակիցները, այլ ՝ «Բարգավաճ Հայաստանի» բավականին հետաքրքիր տնտեսական ծրագիրը մեր հայրենակիցներին ներկայացնելը »,- եզրափակեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին