Կարևոր իրադարձություններ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու մեջ

22 Հոկտեմբեր, 2018 23:57
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի  բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են  քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 20-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է աղբյուրը , նշված կենտրոնից հայտնել էին, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, աջից 7-րդ, 8-րդ կողերի կոտրվածք, քթոսկրերի կոտրվածք, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են , որ վիրավորը Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 49-ամյա Ջանիկ Եղիազարյանն է, ով բժիշկների հայտարարությամբ՝ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է հատուկ բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց շենքի բակից, որտեղ մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ջ. Եղիազարյանին իր ընկերների հետ ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Մանանդյան փողոցի բնակիչ, 33-ամյա Վիլեն Սիրեկանյանը:

Վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո ազատ է արձակվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ. Սիրեկանյանի ընկերների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Սիրեկանյանը աշխատում է Սուրբ Գրիբոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ:

 

Լրահոս

Դիտել ավելին