Կարևոր իրադարձություններ

Հենց այսօր հնարավոր է գազի սակագինը ամենաքիչը նվազեցնել 10 %-ով, իսկ էլէներգիայի սակագինը՝ 10 դրամով

04 Հոկտեմբեր, 2018 19:13
Հենց այսօր հնարավոր է գազի սակագինը ամենաքիչը նվազեցնել 10 %-ով, իսկ էլէներգիայի սակագինը՝ 10 դրամով

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  Էլեկտրաէներգիայի և գազի սակագների ուսումնասիրման հանձնաժողովի անդամ, էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը հայտարարեց, որ   որ ամենաքիչը 10 տոկոսով հնարավոր է գազի սակագինը հենց այսօր նվազեցնել, իսկ էլեկտրաէներգիայի սակագները կարելի է իջեցնել ամենաքիչը 10 դրամով: Այս եզրակացությանն են բերել Վարչապետի էներգետիկայի գծով խորհրդականին կից ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունները:


«Դրանք զգալի մեծություններ են, մանավանդ էներգետիկայի մասով: Բնակչության համար այն այսօր կազմում է 44, 98 դրամ 1 կլվտ-ի համար: Մենք մեր արած ուսումնասիրությունն ամբողջությամբ հասկանում ենք, լրիվ պատասխանատու ենք»,- նշեց Է. Արզումանյանը:

Ըստ Արզումանյանի,  «Գազպրոմ Արմենիայում» առկա են ռիսկեր ներդրումային ծրագրերի արդյունավետության և դրանց արդյունքների մասով: Այդ ծրագրերը կատարվել են ոչ արդյունավետ, տեղի է ունեցել ծախսերի արհեստական ավելացում, ինչն ուղղակիորեն ազդել է գազի սակագնի վրա:

«Սակագնում ներառվող ծախսերի մեթոդաբանությունը ներդրումների վերաբերյալ չի ապահովել արդար գնագոյացում: Ընդհակառակը, անտեսվել են սպառողների շահերը, չի եղել նաև պատշաճ պետական վերահսկողություն»,- ասաց նա:


Էդուարդ Արզումանյանի խոսքով՝ առկա են նաև ռիսկեր սակագների մեջ ներառվող գազի կորուստների ցուցանիշի մասով:

«Ծախսեր կատարելու սահմանված կարգը հաճախ խախտվում է: Օրինակ, ներկայումս գազի սակագների միջոցով փոխհատուցվում է «Գազպրոմ Արմենիայի» կողմից Ծաղկաձորում վերջերս կառուցված 35 մլն դոլար արժողությամբ խաղատունը և հանգստյան տունը: Այսինքն, «Գազպրոմ Արմենիան» այդ գումարը ծախսել է, կառուցել է, շահագործում է: Ներդրումը մտնում է սակագնի մեջ, որը մենք վճարում ենք: Ուսումնասիրելով ներդրումների ցուցակը, մենք եկել ենք այս եզրահանգման: Մենք սա հրապարակել ենք, քննչական մարմինները գիտեն, թող զբաղվեն»,- նշեց նա:

Հոկտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության 6 նախարարի աշխատանքից ազատման որոշման մասին՝ միաժամանակ նշելով, որ նոր նախարարները կնշանակվեն միայն պրոֆեսիոնալները, ոլորտի փորձ ունեցողները:

«Ցավոք, վերջին տարիներին էներգետիկայի նախարարներ են նշանակվել ոչ մասնագետներ, որի հետևանքով այսօր ունենք այնպիսի էներգահամակարգ, որ և սակագները, և զարգացման ծրագրերն ունեն բազմաթիվ սխալներ, թերություններ: Նույնը վերաբերում է ՀԾԿՀ նախագահին և անդամներին: Ներկա սակագների բարձր մակարդակը լիակատար դժգոհություն է ստանում է ամբողջ հանրության մոտ»,- ասաց էներգետիկ փորձագետը:

Ըստ նրա՝ եթե այս անգամ էլ էներգետիկայի նախարար նշանակվի ոչ պրոֆեսիոնալ մարդ, ապա մեծ է հավանականությունը, որ ոլորտում կշարունակվեն մնալ չարդարացված բարձր սակագները, անհիմն մեծ կորուստներ, չարդարացված ներդրումները և այլն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին