Կարևոր իրադարձություններ

Մինչեւ վերջին պահը դա հանրությունից գաղտնի կպահվի

06 Սեպտեմբեր, 2018 14:29
Մինչեւ վերջին պահը դա հանրությունից գաղտնի կպահվի

Հայաստանում համաներման հարցը գաղտնիության ռեժիմում է: Այս մասին սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հարցին, թե կառավարությունն արդյոք պատրաստվում է համաներում հայտարարել եւ եթե այո, ապա երբ, քանի որ ուղղիչ եւ կատարողական հիմնարկները չափազանց ծանրաբեռնված են:

Ընդ որում՝ փոխնախարարը չկարողացավ պատասխանել հարցին՝ խնդիրը կառավարությունում արդյոք քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ: «Մինչեւ վերջին պահը դա հանրությունից գաղտնի կպահվի: Համաներման արդյունքում կատարողական հաստատությունները կբեռնաթափվեն, եւ բնականաբար, նրանցից մեկը, որոնք դրանում շահագրգռված են, կառավարությունն է»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Միաժամանակ, նա հայտնեց, որ կարող են փոփոխվել նաեւ ցմահ ազատազրկման պայմանների դրույթները: Այսպես՝ նրա խոսքով, Արդարադատության նախարարությունը պարբերաբար տարբեր միջոցառումներ է իրականացնում, եւ վերջին նախագիծը վերաբերում էր ցմահ ազատազրկում կրող դատապարտյալների համար տեսակցությունների թվի մեծացմանը: «Մենք ընդլայնում ենք ցմահ ազատազրկում կրող անձանց իրավունքները: Իսկ ապագայում անվտանգության պայմանների ապահովման դեպքում թույլ կտանք մասնակցել, օրինակ, սգո արարողություններին»,- եզրափակեց Արթուր Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին