Կարևոր իրադարձություններ

Գեղաշենում համազգեստի պարտադրանք չկա և չի եղել․ տնօրենը հակադարձում է մարզպետին

05 Սեպտեմբեր, 2018 13:30
Գեղաշենում համազգեստի պարտադրանք չկա և չի եղել․ տնօրենը հակադարձում է մարզպետին

Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանը սեպտեմբերի 3-ին  «Խիստ նկատողություն» է ստացել մարզպետի կողմից՝ աշակերտներին միանման համազգեստ պարտադրելու հիմքով:

Ըստ մարզպետի ՝  այդ թեմայով դժգոհություններ են հասել իրենց, ինչպես նաև դպրոցից իրենց է ներկայացվել բացատրություն՝ ըստ որի աշակերտները պարտադրաբար են համազգեստ  կրում:

Shabat.am –ի հետ զրույցում Նաիրա Բաբայանը պնդեց  հակառակը՝ ոչ մի պարտադրանք չի եղել: Ըստ նրա՝ դպրոցը արդեն 15 տարի  համազգեստ է կրում: Ժամանակին դա նախաձեռնել են հենց ծնողները: Այս տարի ևս՝ մինչ նախարարի ֆեյսբուքյան հայատարորությունն ու փոխնախարարից շրջաբերականի ստացումը, բոլոր ծնողները արդեն հոգացել էին իրենց երեխաների համազգեստի հարցը:

«Այս պարագայում  ես երևի պետք է տնետուն շրջեի ու ասեի, որ համազգեստով չգան դասի: Մեկ է՝ ծնողն արդեն  իր ցանկությամբ երեխային այդպես է դպրոց ուղարկել սեպտեմբերի մեկին: Ավելին՝ մինչ այս դեպքերը,ելնելով արված հայտարարությունից  մենք արդեն իսկ հենց սեպտեմբերի 4-ի համար ծնողական ժողով էինք հայտարարել, որտեղ պետք է քննարկվեր համազգեստ կրելու - չկրելու հարցը: Բայց չգիտես ինչու չսպասեցին ծնողների որոշմանը»:

Ըստ տնօրենի՝  այդ ժողովում ծնողները այնուամենայնիվ  միաձայն որոշել են , որ կողմ են համազգեստին:  Մեր այն հարցին, թե այդ դեպքում ովքե՞ր են ներկայացնել բողոքները, տնօրերնը պատասխանեց, որ դրանք ինչ-որ  անանուն, չբացահայտված աղբյուրներից ստացված տեղեկություններ են:

«Ես ճիշտ չեմ համարում անանուն բողոքների, մեկ-երկու բանսարկուների ասածների  հիման վրա «խիստ նկատողություն» տալն ու տնօրենի բազմամյա վաստակը զրոյի հավասարեցնելը: Ինձ վերաբերող անհատական իրավական ակտը ֆեյսբուքում տեղադրելն ու հրապարակայնացնելը ևս անընդունելի եմ համարում»:

Հարցին, թե ի վերջո աշակերտները ի՞նչ հագուստով են գալիս դպրոց և կա՞ն արդյոք ազատ հագուստ նախընտրողներ, Նաիրա Բաբայանը պատասխանեց. որ բոլորը շարունակում են դպրոց հաճախել համազգեստով, ավելին՝ այսօր նրանք դպրոց են գնացել պաստառներով ու տարբեր  գրություններով, որով կողմ են արտահայտվում համազգեստին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին